«Արցախի կարգավիճակի հարցի լուծումը պետք է տան արցախցիները». ԵԽ պատգամավոր

Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն կգործարկի բոլոր հնարավոր ջանքերն առաջիկայում Եվրախորհրդարանում ներկայացվելիք Հայաստանի վերաբերյալ զեկույցում լրամշակումներ մտցնելու համար:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսում Կաստալդոն նշեց, որ այդ գործընթացում հաշվի կառնի Հայաստանում փաստահավաք առաքելության ընթացքում հավաքագրված ինֆորմացիան: 

 

«Ադրբեջանի կողմից իրականացրած վայրագությունների հատվածը խորհրդարանը չի կարող բաց թողնել: Ես  վստահ եմ, որ մենք կկարողանանք այս նախագիծը վերամշակել և հասնել մեր նպատակին»,-ասաց նա:

 

ԵԽ պատգամավորը նշեց, որ Ադրբեջանը փաստացի բռնազավթել է ՀՀ սուվերեն տարածքի որոշ հատվածներ: 

 

«Այս հարձակումների հետ կապված  Եվրախորհրդարանը կարող է միայն քաղաքական ուղերձով հանդես գալ: Մենք լիազորություն չունենք պատժամիջոցներ կիրառելու, ընդամենը կարող ենք դիմել իշխանություններին և հայցել համապատասխան գործողություն, բայց լծակ չունենք պարտադրելու»,-ասաց նա:

 

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի մասին հարցին՝ պատգամավորը շեշտեց, որ Արցախի կարգավիճակի հարցի լուծումը պետք է տան արցախցիները, և դա չի կարող պարտադրվել դիվանագիտական շանտաժի միջոցով:

Քաղաքականություն

Պատահարներ