«Հուսով եմ՝ այս ուղերձը Ադրբեջանում կհասկանան». Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մեկ լավ ու մեկ վատ արձանագրում արեց:

«Վատն այն է, որ բոլոր ուղղություններով, որոնց շուրջ բանակցում ենք Ադրբեջանի հետ, ըստ էության, հանդիպում ենք  Ադրբեջանի մաքսիմալիստական, առավելապաշտական  դիրքորոշումներին: Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը, համարելով, որ ռազմական  հաջողություններ է ունեցել, այժմ կարող է ինչ-որ պայմաններ թելադրել։ Սա, իհարկե, իրականություն չի կարող լինել ու երկարատև, կայուն ու համապարփակ խաղաղության այս ճանապարհով հնարավոր չէ հասնել», - ասաց Միրզոյանը:

Նրա խոսքով` եթե Ադրբեջանն իսկապես շահագրգռված է ունենալ կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, ապա պետք է որոշ հարցերում արձանագրեն, որ միակողմանի շահավետ լուծումներ չեն  կարող լինել:

Լավ նորության մասին խոսելիս Միրզոյանը նշեց, որ բոլոր խնդիրները, որ կան Ադրեջանի հետ հարաբերություններում, ամբողջ փաթեթի նկատմամբ կա միջազգային հանրության հստակ ուշադրություն:

«Այս ուշադրությունը գնալով ավելի մեծանում է, հատկապես, սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո, կարծում եմ, միջազգային հանրությունը շատ հստակ ուղերձ հղեց  Ադրբեջանին այն մասին, որ ուժի կիրառման սպառնալիքը չի կարող լինել  հարցերի լուծման ճանապարհ։ Հուսով եմ՝ այս ուղերձը Ադրբեջանում կհասկանան», - նեց Միրզոյանը:

Նա նշեց. «Կան գծեր, որոնք չպետք է հատվեն, սա է միջազգային հանրության ուղերձը»: 

Քաղաքականություն

Պատահարներ