Ռիշի Սունակը մետրոյում կակաչներ է վաճառել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն առավոտյան իջել է Լոնդոնի "Վեսթմինսթեր" մետրոյի կայարան, որտեղ նա Բրիտանական թագավորական լեգեոնի բարեգործական ակցիայի շրջանակներում հիշատակի կակաչներ է վաճառել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։ Տեղեկատվությունը փոխանցել է gazeta.ru-ն:

 

Նշվում է, որ վարչապետը կակաչներով սկուտեղ է պահել՝ հասցնելով զարմացած անցորդների հետ խոսք փոխանակել։ Սունակի ձեռքից մեկ կակաչը գնահատվել է 5 ֆունտ (մոտ 2000 դրամ):

 

«Ես գնում էի դեպի կայարան տոմս գնելու, իսկ նա այնտեղ վաճառում էր կակաչներ», — ասել է լոնդոնցիներից մեկը՝ հավելելով, որ նման հանդիպում չէր սպասում մետրոյում։ Վարչապետին նկատած մեկ այլ անձ նշել է, որ Սունակն ամենևին էլ կտրված չէ իրականությունից, ինչպես իրեն երբեմն ներկայացնում են հեռուստատեսությամբ։

 

Բրիտանական թագավորական լեգեոնում, որն օգնում է ռազմական վետերաններին, ընդգծել են, որ շնորհակալ են վարչապետին այն բանի համար, որ նա մեծահոգաբար ժամանակ է հատկացրել առավոտյան պիկ ժամին ակցիային մասնակցելու համար: 

 

«Ուղևորները զարմացած էին, բայց ակնհայտորեն ոգևորված էին վարչապետից իրենց կակաչը ստանալու համար, և մենք չենք կարող բավարար չափով շնորհակալություն հայտնել նրան՝ մեկ օրվա ընթացքում 1 միլիոն ֆունտ ստեռլինգ հավաքելու մեր փորձին աջակցելու համար», — ասաց ակցիայի տնօրեն Սայմոն Օ' Լիրին:

 

Կարմիր կակաչի խորհրդանիշն առաջին անգամ օգտագործվել է ամերիկյան լեգեոնի կողմից` ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված ամերիկացի զինվորների: Այժմ այն օգտագործվում է մի շարք երկրներում՝ որպես բոլոր ռազմական և քաղաքացիական զինված հակամարտությունների զոհերի խորհրդանիշ՝ սկսած 1914 թվականից։

 

Քաղաքականություն

Պատահարներ