Այն մոտեցումը, որը Ռուսաստանն է մշակել, Ադրբեջանը մերժում է․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Ակնհայտ է, որ կա «Խաղաղության պայմանագրի» երկրու տարբերակ` արեւմտյան եւ ռուսական: Արեւմտյան տարբերակով փաստաթղթով պահանջում են Արցախը տալ Ադրբեջանին, որպեսզի այնտեղից դուրս հանեն ռուսական խաղաղապահներին եւ զրոյացնեն Ռուսաստանի ներկայությունը: Դա, ի դեպ, պարզ տեսանելի էր նաեւ Բլինքենի հրավերով Վաշինգտոնում տեղի ունեցած Բայրամով-Միրզոյան վերջին հանդիպման ընթացքում:

Ռուսական տարբերակով փաստաթուղթը շատ ավելի մեղմ է: Այն է` «Ռուսաստանի տարբերակում ասվում է, որ ճանապարհները բաց են, դելիմիտացիա-դեմարկացիա արեք, իրար տարածքայինամբողջականություն ճանաչեք՝ բացի Արցախից, որովհետեւ Արցախի հարցը քննարկվելու է ապագայում, քանի որ ներկա պահին բանակցություններ վարել Արցախի կարգավիճակի մասով չի կարելի, որովհետեւ մի կողմը բացահայտ հաղթած է, մյուս կողմը՝ բացահայտ պարտված, եւ այդ էմոցիոնալ ֆոնին սխալ է դիտարկել այս հարցը»: Իվերջո, որ տարբերակին են կողմ իշխանությունները, հաշվի առնելով, որ երկու կողմի հետ ակտիվ բանակցում են: Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանից:

 

— Պարոն խաչատրյան, խաղաղության ո՞ր տարբերակն է, ի վերջո, իշխանության համար ավելի շահավետ:

 

— Նախ` տարբերակներ չկան, կան մոտեցումներ, որոնց հիման վրա էլ մշակվում են տարբերակները: Մեր մոտեցման հիմքում դրված է հետեւյալը, որ բոլոր հավաստի երաշխիքները լինեն` կապված ղարաբաղցիների իրավունքների հետ: Չի բացառվում, որ հետագայում սահմանային հարցերում Ադրբեջանն ինչ-որ անակնկալներ է պատրաստում, բայց դա իրենց կարծիքով է, եւ չեմ բացառում: Առայժմ հիմնական խնդիրը գնում է Ղարաբաղի շուրջ, եւ ես տեսնում եմ, որ այն մոտեցումը, որը Ռուսաստանն է մշակել, ըստ էության, Ադրբեջանը մերժում է` ասելով, որ Ղարաբաղի կարգավիճակ իրենց համար գոյություն չունի: Ինչպես տեսնում եք, Ռուսաստանը չի կարողանում Ադրբեջանին համոզել, եւ Սոչիում հայտարարության մեջ Ղարաբաղի կարգավիճակ բառ չկար:

Հայաստանի մոտեցումը հետեւյալն է. մենք կողմ ենք Ռուսաստանի տարբերակին մոտեցմանը, որի հիման վրա կարող է տարբերակ ծնվի: Ռուսական կողմը կարող է իր մոտեցումները վերածել տարբերակի, իսկ տարբերակը այն է, որ բոլոր կողմերն են համամիտ լուծման շուրջ, եւ վեճ չկա: Բայց մենք տեսնում ենք, որ սրա շուրջ կան խնդիրներ:

Ինչ վերաբերում է մյուս` «Բյուսելյան տարբերակին», որտեղ ընդհանուր գծեր շատ կան, դրանք հայտնի վաշինգտոնյան եւ եվրոպական մոտեցումներն են: Մենք այստեղ էլ շարունակում ենք բանակցել, որտեղ կողմերը չեն մերժի, եւ որը կերաշխավորի խաղաղություն ձեռք բերել: Այդ թվում` Ղարաբաղի տարածքում մեր հայրենակիցների բոլոր իրավունքները ապրելու, արարելու հարցում: Սա է միակ մոտեցումը, եւ մենք շարունակելու ենք աշխատել բոլոր կողմերի հետ:

 

— Այսինքն, ի վերջո, կանգ ենք առնելու այն տարբերակին, որտեղ խոսվելու է Արցախի կարգավիճակի վերաբերյա՞լ:

 

— Մենք կանգ ենք առնելու այն տարբերակի վրա, որը կերաշխավորի հարատեւ խաղաղություն եւ կստեղծի երաշխիքներ` Ղարաբաղի անվտանգության եւ քաղաքացիների բոլոր իրավունքների վերաբերյալ:

 

— Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս կգնահատեք հոկտեմբերի 30-ին Արցախում տեղի ունեցած հանրահավաքը, որով դիմեցին նաեւ Հայաստանի իշխանություններին:

 

— Կարճ ասեմ, ընդհանուր առմամբ, այդ հանրահավաքները ազատ են եւ կարող են հաճախակի լինել:

 

— Կցանկանայինք, որ անդրադառնայիք նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս վերջին ընտրության հարցին, որտեղ, ըստ էության, տեղի ունեցան կեղծիքներ, այնուհետեւ վերահաշվարկ արվեց, որի արդյունքում այլ պատկեր արձանագրվեց:

 

— Չէի ասի, որ այլ պատկեր տեղի ունեցավ, այլ պարզվեց, որ հաշվարկի մեջ էր սխալ տեղի ունեցել: Ցանկալի չէր, բայց դե մարդ են, սխալվեցին, եւ ուղղվեց:

 

— Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ խմբակցության ղեկավարը, օրինակ, անգամ չընտրվեց...

 

— Ես ներկուսակցական խնդիրները չեմ ցանկանում մեկնաբանել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Քաղաքականություն

Պատահարներ