Իրանից պատասխանել են Ալիևին

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Կանանին լրագրողների հետ զրույցում մատնանշել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախօրեին արված հայտարարությունները, որոնց միջոցով նա դժգոհություն էր հայտնել Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև վերջին հանդիպումների կապակցությամբ՝ Թեհրանին մեղադրելով Երևանին չափազանց մեծ աջակցություն ցուցաբերելու համար։

 

«Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա»,- ասել է Քանանին՝ նշելով, որ Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի։

 

Նա ասել է, որ արդեն մոտ երկու տարի է, ինչ Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաները տարբեր քաղաքական, ռազմական և անվտանգության մակարդակներում կապի մեջ են Հայաստանի Հանրապետության տարբեր պաշտոնյաների հետ՝ ճանապարհ հարթելով դեպի խաղաղություն և բարեկամություն, ինչին աջակցել է Իսլամական Հանրապետությունը։

 

«Սակայն մեզ համար անհասկանալի է նրանց անհանգստության պատճառը Հայաստանի հետ մեր բարիդրացիական մակարդակով բնական շփումների վերաբերյալ»,- ասել է Քանանին: ԱԳՆ խոսնակն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանների երկայնքով վերջին զորավարժանքները սովորական և նախապես ծրագրված քայլ էին, ինչի մասին ավելի վաղ պաշտոնական ուղիներով տեղեկացվել էր շահագրգիռ հարևաններին։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Մեր բանակը ցուցաբերել է հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և նվիրում։ Հարկ եղած դեպքում, սա եւս մեկ անգամ ցույց կտանք ու կհասնենք մեր ուզածին․ սա գիտեն բոլորը, թող սա իմանան նաեւ նրանք, ովքեր մեր սահմանին զորավարժություններ են անցկացնում ի պաշտպանություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»

Քաղաքականություն

Պատահարներ