ՌԴ-ի ներկայացրած փաստաթղթում հույս կա, որ ՊԲ-ն ու խաղաղապահները կարող են համագործակցել. Օհանյան

Արցախի հարցով ՀՀ–ի իշխանությունների որևէ հանդիպում և բանակցություն այժմ չի կարող այն մակարդակի լինել, ինչ մակարդակի եղել է նախկինում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

 

Նրա խոսքով` այսօր ընթացող բանակցություններում թեպետ նախկին բանակցային իրավիճակը չի կարող լինել, այնուամենայնիվ, եղածից պետք է ընտրել ամենաշահեկանը Արցախի ժողովրդի ճակատագրի և ինքնորոշման համար։

«Արցախի ինքնորոշման համար հետագայում պայքարելու շանս տեսնում ենք Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան եռակողմ ձևաչափում»,– նշեց Օհանյանը։

Նախկին նախարարը հիշեցրեց, որ նախքան ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում, Պաշտպանության բանակն ու Հայաստանի Հանրապետությունն էին տարիներ շարունակ Արցախի անվտանգության երաշխավորը, և այսօր կարևորում է ՊԲ–ի և ռուս խաղաղապահների համագործակցությունն իրար հետ։

«Պետք է արձանագրենք, որ Արցախի ՊԲ–ն ստեղծվել է Ադրբեջանի ագրեսիայի հետ միասին` ինքնապաշտպանության իրավունքի իրականացման հիմքով»,–ասաց Օհանյանը։

 

Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։

Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։

Քաղաքականություն

Պատահարներ