Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Ջերմուկի անմիջական հարևանությամբ օկուպացված տարածքներում․ Թաթոյան

Ադրբեջանցիները այսօր գտնվում են այնպիսի վայրերում, որ թիրախի ներքո են Տաթև ՀԷԿ-ը, Ջերմուկի ՀԷԿ-ը, Կապանի պոչամբարը և այլ նմանատիպ ռազմավարական, անվտանգության ոլորտի տարածքներ։ Ակնհայտ է, որ իմ թվարկածների հետ որևէ բան պատահելու դեպքում, կարող են աղետալի հետևանքներ առաջանալ մեր բնակավայրերի համար։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։ Ասուլիսին, նշենք,  ներկայացվում են փաստահավաք աշխատանքների արդյունքները` կապված 2022թ. սեպտեմբերի 13-14-ը ՀՀ տարածք ադրբեջանական զինված ներխուժման և շարունակվող խախտումների հետ։

 

«Ես փաստերով կարող եմ խոսել ու այդպես էլ անելու եմ։ Ես հիմա ցույց եմ տալու լուսանկարներ, որոնք ցույց կտան Ջերմուկի անմիջական հարևանությամբ մեր երկրի օկուպացված տարածքներում ադրբեջանական Զինված ուժերի կողմից կառուցված ճանապարհը։ Սա բետոնե ճանապարհ է։ Մենք շատ մանրամասն ուսումնասիրել ենք, թե ինչպես են նրանք այս ճանապարհը կառուցում։ Նրանք հանքերից , տարբեր տեղերից բերում են քարեր, մանրացնում են, լցնում են ճանապարհներին։ Հետո ցեմենտի միջոցով միախառնում են քարերը, որպեսզի ձմռանը պատրաստ լինեն այս ճանապարհները։ Նրանք ակնհայտորեն պատրաստվում են ձմռանը ու այս ճանապարհները, մեր ուսումնասիրությամբ, մոտավորապես 10-12 մետր լայնություն ունեն։ Սրանք այն նույն ճանապարհներն են, որի մասին մենք հայտարարել ենք անցած տարի, երբ ասում էինք՝ Ադրբեջանը կառուցում է անօրինական ճանապարհներ Գեղարքունիքի մարզում։ Հիմա նույնը անում են Ջերմուկի հատվածում»,- հավելեց նա։

 

Քաղաքականություն

Պատահարներ