ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատասխանեց Ալիևի սպառնալիքներին. վարչապետի ամբողջական ելույթը

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։

 

Վարչապետի խոսքով. «Իլհամ Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն՝ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Միջազգային հանրությանն ուղղված անհասցե և ՀՀ-ին ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելոիւ մեջ մեղադրել ՀՀ-ին և մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը։ Ընդ որում, Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ ելույթում Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին։ Ըստ նրա, ի հեճուկս Պրահայում և Սոչիում ստորագրված հայտարարությունների, Ալիևը բարձրաձայնում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին՝ ՀՀ մի շարք բնակավայրերի ու այլ անունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով։

Փաշինյանը փաստեց՝ «Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերով ընդունված հայտարարությունների և պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն»։

Նա հիշեցրեց, որ 2020թ. դեկտեմբերին Ադրբեջանն ապօրինի օկուպացրել է ԼՂ Խծաբերդ և Հին թաղեր բնակավայրերն ու հարակից տարածքները՝ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Ադրբեջանը նման օկուպացիա իրականացրել է՝ 2022թ. մարտին՝ ներխուժելով Փառուխ՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի. «Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված շփման գծում՝ զուգահեռաբար հայտարարելով, թե ԼՂ գոյություն չունի։ Այս պնդումն ինքնին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, նաև՝ Ադրբեջանի կողմից ստորագրված հայտնի փաստաթղթում 4 անգամ ստորագրվում է ԼՂ անունը»։

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը մինչև օրս քայլեր չի ձեռնարկել ԼՂ հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում. «Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն։ Այս մտադրությունն արտահայտված է նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք իրենց հերթին կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարարություններից առնվազն երեքը»։

Քաղաքականություն

Պատահարներ