«Աշխարհը փոխվում է դինամիկ ձևով». Արտաքին հետախուզական ծառայություն կստեղծվի

Առաջարկվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին:

 

Կառավարությունը հավանություն տվեց  «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին:

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Դրանով հնարավորություն կստեղծվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով ու արհեստավարժությամբ կնպաստեն Արտաքին հետախուզության ծառայության կայացմանը», - նշվում է նախագծում:

 

Նշվում է, որ ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդյունավետության բարձրացմանը, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն ու համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին:

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման ընդունումից երեք տարի անց, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմիններն ու ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել:

 

Վարչապետ Փաշինյանն ասաց, թե աշխարհը փոխվում է դինամիկ ձևով ու արտաքին հետախուզական ձևերն ու մեթոդները նույնպես  շատ էական փոփոխություններ են ապրում:

 

«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր կարողությունները տրանսֆորմացնել ու զարգացնել  ժամանակակից պայմաններին ու պահանջներին համապատասխան: Այդ իմաստով, կարծում եմ, կարևոր արձանագրումներից մեկն այն է, որ մենք տեսնում ենք՝ աշխարհում հետախուզական մեթոդները զարգացնում են այնպես, որ միշտ չէ, որ դրանք ուղիղ կապ ունեն զինվորական ծառայության հետ», - ասաց Փաշինյանը:

 

Վարչապետի խոսքով` թեման շատ մանրամասներ չի սիրում, բայց Ազգային ժողովում հրապարակային քննարկման կենթարկվի:

 

«Ես հույս ունեմ, որ մենք էականորեն կզարգացնենք մեր երկրի արտաքին հետախուզական կարողությունները, իհարկե, դա արագ տեղի չի ունենա», - նշեց Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ