«Այստեղից դուրս գալը Հայաստանի օգտին է լինելու». Էրդողանի խոսնակը` հայ-թուրքական հարաբերությունների մասին

Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը  անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին: Տեղեկատվությունը փոխանցում է ermenihaber-ը:

 

Քալընը  համոզմունք է հայտնել, որ «Առաջիկա 10 տարվա ընթացքում շատ լավ քայլեր են արվելու ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի  հետ: 

 

«Հայաստանի հետ էլ մեր հարաբերությունները արագորեն կկարգավորվեն: Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով ամբողջ Կովկասում հանգստության ու բարեկեցության  ժամանակաշրջան կգա: Սրանից բոլորս կշահենք։ Նույնիսկ ամենաշատը Հայաստանը կշահի։ Որովհետև Հայաստանը դեպի ծով ելք չունեցող փոքր երկիր է՝ 3 միլիոն բնակչությամբ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ամենաշատը կնպասի Հայաստանի զարգացմանը»,-ասել է նա:

 

Քալընը  նորից առաջ է քաշել թուրքական այն պնդումները, թե հայկական սփյուռքը չի ցանկանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում:

 

«Կարող եմ ասել՝ հակառակ հայկական սփյուռքի կարծիքին՝ Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի կարիքն ավելի շատ ունի, քան՝ ԱՄՆ-ի Ֆրանսիայի ու այլ երկրների: Գիտեք՝  հայկական սփյուռքն ամենաշատը կենտրոնացած է աշխարհի 2 երկրում՝ ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում, որտեղ նրանք ծայրաստիճան ազդեցիկ են՝ քաղաքականության, տնտեսության, մեդիայի ու այլ ոլորտներում»,-ասել է Քալընը:

 

Վերջինս նաև պնդել է, որ «Հայաստանը փաստացի Ռուսաստանի ռազմական հովանավորության ու տնտեսական ուժի վերահսկողության տակ գտնվող և  Արևմտյան դաշինքի մի մասը դիտարկող ու դիրքավորել ցանկացող երկիր է: Այստեղից դուրս գալը Հայաստանի օգտին է լինելու: Այդ պատճառով նրանց համար ամենաճիշտ տարբերակը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելն է»,-ասել է Քալընը:

Քաղաքականություն

Պատահարներ