Եթե ես դիվանագետ չլինեի, կասեի՝ եկեք ծիծաղենք Ադրբեջանի բացատրության վրա․ Չեխիայի դեսպանը՝ Լաչինի միջանցքի մասին

Այն, ինչ կարող է անել հիմա Եվրամիությունը Լաչինի միջանցքի հարցում, համոզվելն է, որ մարդասիրական իրավիճակը տանելի է, «Ազատության» հետ զրույցում ասել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկը՝ շեշտելով՝ հայերն ու ադրբեջանցիները պետք է անմիջականորեն զբաղվեն խնդրի լուծումով։

 

Ընդգծելով, որ 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն Ռուսաստանն է պատասխանատու այդ տարածքում փոխադրումների համար՝ դեսպանը նկատեց՝ հիմնական կողմը, որից պետք է հարցնել, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ է լինելու հետո և ի՞նչ եք անելու, դա Ռուսաստանն է։

 

«Նրանք պայմանավորվել են, որ իրենք կապահովեն, որ այդ տարածքում միջանցքը բաց է լինելու և կպահպանվի խաղաղությունը», - ասել է Պիրունչիկը։

 

Դեսպանը շեշտել է, որ տեղյակ է, թե ինչ է կատարվում Լաչինի միջանցքում՝ նկատելով՝ կծիծաղեր Ադրբեջանի պաշտոնական բացատրության վրա, թե դիվանագետ չլիներ։

 

«Իհարկե դա մի քիչ հիմար տեսք ունի, նկատի ունեմ, պաշտոնական բացատրությունը, որ սրանք բնապահպան ակտիվիստներ են և պատահաբար ձմռան սկզբին, երբ ձյուն է գալիս, երբ ցուրտ է․․․ եթե ես դիվանագետ չլինեի, կասեի՝ եկեք ծիծաղենք այս բացատրության վրա։ Մենք, իհարկե, չենք կարող ծիծաղել ստեղծված վիճակի վրա, քանի որ իրավիճակն իսկապես 120 հազար մարդու ցրտի մեջ է թողնում, նրանք չունեն տարրական բժշկական կարիքներ հոգալու միջոցներ և ունեն մարդասիրական օգնության կարիք։ Դուք հարցրեցիք, թե ի՞նչ անել դրա դեմ, կամ ի՞նչ է անում Չեխիան, կամ ի՞նչ կարող է անել Եվրամիությունը, ինչպես գիտեք Չեխիան Եվրամիության անդամ է, այսպիսով մենք աջակցում ենք Եվրամիության համատեղ գործունեությանը», - ասել է դեսպանը՝ շեշտելով՝ միակ կենսունակ լուծումը կամ երկարաժամկետ կայուն խաղաղության պայմանագիրը պետք է ձեռք բերվի միայն հայերի և ադրբեջանցիների միջև ուղիղ բանակցությունների արդյունքում։

 

 

Քաղաքականություն