Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուս խաղաղապահների վերաբերյալ ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն: 

 

«Ռուս խաղապահները Ղարաբաղում գործում են համաձայնագրերի ոգուն և տառին համապատասխան: Նրանք անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովեն կարգուկանոն ու հանգստություն այն տարածքներում, որտեղ աշխատում են։ Եվ դրանք գործում են այն համապատասխան փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան, որոնք ստորագրվել են երկրների միջև։ Մենք, անշուշտ, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք քննարկել այդ թեման»,- ասել է Պեսկովը: 

 

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը փաստացի չի կատարում ստանձնած պարտավորությունը․ այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 

 

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է  նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։ Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։
 

Քաղաքականություն

Պատահարներ