Մեր դեմ լուրջ համակարգ է աշխատում. Արման Թաթոյան

Ադրբեջանը նման սանձարձակ քաղաքականություն է իրականացնում՝ ոգևորված լինելով անպատիժ մնալու հանգամանքից: Նրանց նպատակը միայն հումանիտար խնդիրներ առաջացնելը չէ, միջանցքի փակումը գործիքներից մեկն է Արցախի հայաթափմանը և Հայաստանի բնաջնջմանը հասնելու համար: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:

 

«Հայաստանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, հատկապես, որ հիմքերը շատ են, այլապես միջազգային ասպարեզում մեր աշխատանքը անարդյունավետ է դառնում: 
Մեր դեմ լուրջ համակարգ է աշխատում, Հայաստանը պետք է համախմբված աշխատանք իրականացնի, ոչ թե էմոցիոնալ հուզումներ առաջացնելու, այլ ադրբեջանցիներին քաղաքական, տնտեսական և անձնական պատասխանատվության ենթարկելու համար:

ՄԱԿ-ի, միջազգային դատական ատյանների որոշումները, կոչերը արդյունք չեն տալիս, նրանք ավելի սանձարձակ են դառնում և ավելին՝ շարունակելու են իրենց գործողությունները, քանի որ դա Ալիևի՝ իշխանության մնալու գործիքն է»,- ընդգծեց Թաթոյանը:

 

Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, որ Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում 8 գյուղ պետք է վերադարձվի Ադրբեջանին, քանի որ հարյուրամյակներ շարունակ այդ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, Արման Թաթոյանը նշեց.«Հայաստանը անկլավներ չունի, պատմական ուսումնասիրության արդյունքում երևում է, որ այդ ամբողջ տարածքները Հայաստանի տարածքներն են և Սովետական միության ժամանակ են բռնակցվել, մաս-մաս վերցվել:

Տիգրանաշենը և Նախիջևանի խորքը գնացող գյուղ կա, որ Հայաստանի Հանրապետության մաս են կազմել, պարզ է, որ Ադրբեջանը մաքսիմալիստական հարցեր է ուզում լուծել: Տիգրանաշենը եթե հանձնվի, ազդելու է Հայաստանի անվտանգային համակարգի վրա, Տավուշի բնակավայրերը լուրջ թիրախում են հայտնվելու, դա Ադրբեջանին հնարավորություն է տալու մխրճվել ՀՀ սահմանի մեջ և զրկանքներ պատճառել՝ Հայաստանը դարձնելով ավելի խոցելի»:

Թաթոյանի համոզմամբ, սահմանազատման և սահմանագծման հարցերն ունեն միջազգային հստակ կարգավորումներ՝ ԵԱՀԿ-ն մշակած սկզբունքներ ունի, որ այդ հարցերը չեն կարող հանգեցնել քաղաքացիական բնականոն կյանքի խաթարման և պետք է սահմանային բնակիչների իրավունքները, սեփականության, կադաստրային խնդիրները ևս հաշվի առնվեն:

 

«Սահմանազատումը պետք է իրականացվի ոչ թե սովորական քարտեզներով, այլ հաշվի առնվի գեոդեզիական քարտեզները, անտառների, ջրային ռեսուրսների հարցերը: Եթե ճիշտ աշխատենք, միջազգային պահանջները մեր օգտին են ծառայեցվելու»:

 

Քաղաքականություն

Պատահարներ