Ես հույս ունեմ, որ Հայաստանում այդ մասին գիտեն. Զախարովան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար Ռուսաստանը գործի է դրել բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների ողջ համալիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանը Հայաստանին աջակցելու համար։

 

Զախարովայի կարծիքով` երեք երկրների ղեկավարների մակարդակով եռակողմ հայտարարությունները հուսալի հիմք են Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման համար:

 

«Մենք հաշվի ենք առնում դաշնակցային պարտավորությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Հետևաբար, որպես միջնորդ, մենք անընդհատ խթանում ենք այնպիսի դիրքորոշումը, որը թույլ է տալիս արդյունավետորեն կատարել այս գործառույթը: Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանում այդ մասին գիտեն»,–նշել է Զախարովան։

 

Իսկ եթե խոսքը ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների մասին է, ապա, ըստ Զախարովայի, Երևանի շահագրգռվածության դեպքում կազմակերպության մյուս բոլոր անդամ երկրները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել մոնիթորինգային առաքելություն։

 

Հիշեցնենք` նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ - խմբ.)։

Քաղաքականություն

Պատահարներ