Մի շիշ օղու պատմություն. տղամարդը խանութում հայհոյել է, ծեծի ենթարկվել ու մահացել

 Արմավիրի մարզում 65-ամյա բնակչի մարմնի տարբեր մասերին հարվածներ են հասցրել, ինչի հետևանքով նա մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 


Նշվում է, որ փետրվարի 5-ին` ժամը 23։45-ին, ոստիկաններն ահազանգով մեկնել են Արմավիրի մարզի Բաղրամյան փողոց և բնակարաններից մեկում հայտնաբերել նույն քաղաքի բնակչի դին։ 
Կատարված դիահերձմամբ անձի մարմնի տարբեր հատվածների վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ, նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել տրավմատիկ-հեմոռագիկ շոկը։ 


 «Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2023թ. փետրվարի 5-ին 65-ամյա տղամարդը խանութում օղի է խնդրել և մերժում ստանալով՝ սկսել է հայհոյանքներ հնչեցնել: Խանութի աշխատակցուհու որդին, ներս մտնելով և լսելով հայհոյանքները, սկսել է հարվածներ հասցնել 65-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին: Այնուհետև խանութի աշխատակցուհին և ամուսինը տղամարդուն տեղափոխել են իրենց տուն, որտեղ կարճ ժամանակ անց նկատել են, որ չի շնչում, և զանգահարել են շտապօգնություն»,– ասված է հաղորդագրությունում: 


Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ։ 
 

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 21-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ 


Նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքականություն