Բայդենի այցը Կիև արտառոց իրադարձություն չէր Ռուսաստանի համար․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Առաջին ալիքի եթերում ասել է, որ ամերիկացի առաջնորդի այցն Ուկրաինա արտառոց իրադարձություն չէ Ռուսաստանի համար։

 

Նա ընդգծել է, որ այս այցն ի վիճակի չէ ազդելու Ռուսաստանի ներքին քաղաքականության վրա։

 

«Եկեք մնանք ինքնիշխան և ոչ մի բանի ուշադրություն չդարձնենք։ Մեզ համար գլխավոր առաջնահերթությունը մենք ենք և մեր օրակարգը»,- ասել է Պեսկովը։

 

Նա նշել է, որ այս իրադարձությունը կարևոր է, և Կրեմլը հետևում է Բայդենի այցին Կիև և հետևելու է, թե ինչ կլինի Բայդենի Լեհաստան կատարած այցի ժամանակ։

 

Փետրվարի 20-ին Բայդենը ժամանել է Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ում հետ շրջել է քաղաքի կենտրոնում։ Նրա այցը չի գովազդվել, սակայն, ինչպես Սպիտակ տունն է հայտնել, Մոսկվային ծանուցել են, որ նախագահը մեկնում է Կիև «մեկնելուց մի քանի ժամ առաջ՝ կոնֆլիկտային իրավիճակից խուսափելու համար»։

 

Կիև կատարած այցի ժամանակ Բայդենը հայտարարել է Ուկրաինային աջակցելու մասին, ինչպես նաև՝ Ուկրաինային 500 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին:

Քաղաքականություն

Պատահարներ