44-օրյայի ժամանակ միջազգային հանրության համար մենք երևում էինք որպես Ռուսաստան, իսկ հիմա՝ որպես Ուկրաինա. Հակոբ Ասլանյան․ ԶԼՄ

Արցախի իշխանություններն իրենք են որոշում իրենց անելիքները: Նույնիսկ պայմանավորվածություն կա, որ մենք ոչ մի բանով Արցախի իշխանություններին իրենց գործողություններում չենք սահմանափակում կամ չենք խոչընդոտում: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
 

«Կա հստակ հասկացողություն, որ բոլոր այն գործառույթները, որոնք Արցախը կատարում է, մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք նրա կողքին կանգնելու: Իրենք ասում են՝ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի ներկայացուցիչ է, բա Ալիև, դուք և Ռուսաստանը բարեկամ երկրներ եք, ռուսական խաղաղապահ զորքերն այսօր գտնվում են Արցախում: Այդ դեպքում, եթե Ռուբեն Վարդանյանի այնտեղ լինելը զուտ պատրվակ չէ Ալիևի համար, էդ դեպքում թող պահանջի, որ ռուսական խաղաղապահ զորքերն էլ հեռանան: Այսինքն, երբ խորանում ես հարցի մեջ, հասկանում ես, որ սա սովորական մանիպուլյացիա է՝ ուղղակի մի նոր խոսույթ մտցնելու»,- ասել է նա:
 

Ինչ վերաբերում է պնդումներին, թե Ռուբեն Վարդանյանին Ռուսաստանն է գործուղել Արցախ, Հակոբ Ասլանյանն ասել է. «Ես չեմ կարող ասել, որ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանից է գործուղվել, բայց եթե Արցախի իշխանությունները հարմար են գտել, որ նա պետք է պետնախարար լինի, դա իրենց որոշումն է: Մենք իրավունք չունենք ասել՝ Արցախ, Ռուբեն Վարդանյանին հեռացրու կամ պահիր: Մենք Արցախի իշխանությունների կողքին ենք կանգնած»:
 

Նա անդրադարձել է նաև Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե 100 օրում ինքը շատ բան կարող է փոխել Արցախում, նաեւ պնդումներին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից է նա գործուղվել Արցախ. «Ես նման տեղեկություն չունեմ և չեմ  կարծում, որ այդպես է: Մենք ոչ մեկին չենք գործուղում, մենք ցանկանում ենք, որ Արցախի իշխանությունները կարողանան հստակ որոշել իրենց կողմնորոշումները և հարկ եղած դեպքում, եթե անհրաժեշտություն կա, մենք կարող ենք կանգնել նրանց կողքին և վերջ»:

 

Հակոբ Ասլանյանը նորմալ է համարում, որ Արցախն ու Ադրբեջանը պետք է բանակցեն. «Ադրբեջանը մոռացել է, որ 1994-ի մայիսին Արցախը բանակցող կողմ էր և հրադադարի տակ կար Արցախի ներկայացուցչի ստորագրությունը: Ի՞նչ է փոխվել, որ այն ժամանակ Արցախը կարող էր լինել բանակցող կողմ, հիմա չի կարող: փոխվել է այն, որ Ադրբեջանը կարողացել է անցած 30 տարիների ընթացքում հզորացնել իր բանակը՝ թիկունքում ունենալով Թուրքիային, նաև Պակիստանը, Իսրայելը, և այդ պայմաններում, երբ նա հաջողության հասավ, փորձում է ուժի դիրքերից խոսել: Այո, պետք է Արցախը բանակցի Ադրբեջանի հետ, որովհետեւ Արցախի ժողովրդի իրավունքի հարցն է»:

 

Նա անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմին. «44-օրյա պատերազմում միջազգային հանրությունը մեր կողմից չէր, որովհետև համարում էր, որ Ադրբեջանը վերադարձնում է իր տարածքները: 44-օրյա պատերազմի ժամանակ միջազգային հանրության աչքին մենք երևում էինք որպես Ռուսաստան, իսկ հիմա որպես Ուկրաինա: Այսօր ԵՄ-ն երկու տարով առաքելություն է ուղարկում Հայաստան, և Ադրբեջանը գլուխը կորցրել է: Որովհետև հասկանում է, որ իր փչած ստերը միջազգային հանրությունը ի դերև է հանելու»:

Քաղաքականություն

Պատահարներ