«Փաշինյանն ունի ծրագիր, որ Արցախը հենց արցախցու ձեռքով հանձնի Ադրբեջանին. վերջին փուլում ենք». Մետաքսե Հակոբյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին Պետական նախարարի պաշտոնից ազատելով՝ կատարեց Ադրբեջանի պահանջը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը։

 

«Ըստ էության, Ադրբեջանն է որոշում, թե Արցախում ինչ քաղաքական գործընթացներ կլինեն, կամ պաշտոններին ովքեր կարող են հավակնել: Արայիկ Հարությունյանը ցույց տվեց, որ այս իշխանությունների օրոք Ադրբեջանն է այսուհետ ազատումներ եւ նշանակումներ անելու: Այս ողջ ընթացքը, երբ Արցախը համախմբված է, որին միացել է նաեւ Ռուբեն Վարդանյանը, կրկին Արցախի նախագահը ցույց տվեց իր պարտվողական կեցվածքը եւ հետ կանգնեց մեր պայքարի ուղուց: Նա դավաճանեց այդ միասնականությանը: Ստացվում է, որ նախագահը, որը խոսում է միասնականությունից, ինքը հենց պառակտողն է»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

 

Անդրադառնալով այդ պաշտոնում գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին նշանակելու նախագահի կողմից ներկայացված առաջարկին՝ Հակոբյանն ասաց. 

 

«Բացարձակ էական չեն անձերը, որոնք կնշանակվեն, որովհետեւ սա արդեն Արայիկ Հարությունյանի համար օրինաչափ է դառնում: Արդեն էական չէ, թե ով կլինի պետնախարարի պաշտոնում: Կա փաստ, որ Արցախում պետական կառավարումը տապալված է»:

 

Հակոբյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանի որոշումները համաձայնեցված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. 

 

«Նիկոլ Փաշինյանն ունի ծրագիր, որ Արցախը հենց արցախցու ձեռքով հանձնի Ադրբեջանին. մենք վերջին փուլում ենք: Այժմ կա «Նիկոլ-Ալիեւ-Հարությունյան» եռյակը, որոնք ունեն նույն օրակարգը»:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ