«Ադրբեջանը պահանջում էր ազատել Վարդանյանին, և նա ազատվեց». Դավիթ Գալստյան

Հավանական է, որ Ռուբեն Վարդանյանն ազատվել է Ադրբեջանի պահանջով, գազի, էլեկտրաէներգիայի վերականգման բանակցություններ սկսելու՝ Բաքվի համաձայնության դիմաց։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի քայլերը հենց դա են ցույց տալիս՝ հաշվի առնելով, որ Բաքվի պահանջներն անխափան կատարվում են. «Ադրբեջանը պահանջում էր ազատել Վարդանյանին, և նա ազատվեց։ Ադրբեջանը փորձում է անել այն, ինչ ունի ծրագրած։ Չի շեղվել իր ծրագրից, այն է՝ հայաթափել Արցախը»։

 

Դավիթ Գալստյանի կարծիքով՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը դեռեւս չի բացվի, իսկ կբացվի միայն Արցախի հայաթափումից հետո։

 

«Ըստ օդում կախված լուրերի՝ Ադրբեջանը նախապայման էր դրել, որ չի բանակցելու, եթե Վարդանյանը չազատվի պաշտոնից։ Միգուցե Արցախի իշխանություններն են այդ լուրերը տարածել հանրության շրջանում՛ ցույց տալու, թե ամեն ինչ անում են գազի, էլեկտրաէներգիայի վերականգման համար, չնայած որ գազամատակարարումը վերականգնված է։ Այսինքն՝ ժողովրդին լուր են տվել, որ ամեն ինչ անում են էլեկտրաէներգիայի, գազի վերականգնման բանակցությունների ուղղությամբ, թե «տեսե՝ք՝ մեր քայլերով դրական արձանագրում և բանակցությունների վերսկսում կա»»,- եզրափակեց արցախցի պատգամավորը։

 

Քաղաքականություն

Պատահարներ