Չեմ կարող պատկերացնել, որ ամերիկացի զինվորականները ստուգեն ՌԴ միջուկային օբյեկտները. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ ամերիկացի զինվորականները ստուգեն ՌԴ միջուկային օբյեկտները այն ժամանակ, երբ աջակցություն են ցուցաբերում Կիևի ռեժիմին:

Նախագահն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները, թեկուզ անուղղակիորեն, մեղսակից են Կիևի ռեժիմի հանցագործություններին, որն, այդ թվում, գնդակոծում է Նովոռոսիայի և Դոնեցկի բնակելի թաղամասերը:

 

«Ի թիվս այլ բաների, երբ նրանք անում են այն, ինչ անում են այսօր Ուկրաինայում, ես պարզապես չեմ կարող պատկերացնել, որ ամերիկացի զինծառայողները կշրջեն մեր միջուկային օբյեկտներով։ Դա պարզապես ծիծաղելի է», - ասել է Պուտինը Պավել Զարուբինին տված հարցազրույցում «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ, որը հեռարձակվում է «Ռոսիա 1» հեռուստաալիքով:

 

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը ստիպված է վերադառնալ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային ներուժի հարցի քննարկմանը, քանի որ ՆԱՏՕ-ն ցույց տվեց, որ ռազմական դաշինք է, ոչ թե քաղաքական:

 

Ընդ որում, նրա խոսքով, Մոսկվան չի առարկում ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությանը ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրի վերաբերյալ քննարկմանը:

«ՆԱՏՕ-ն ֆորմալ առումով այդ պայմանագրի կողմ չէ, դրանում երկու կողմ կա՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները։ ՆԱՏՕ-ն հայտարարություն է արել այդ կապակցությամբ և միաժամանակ հանդես եկել այդ հարցի շուրջ ինչ-որ բանավեճի հայտով։ Դե, իսկ եթե դա այդպես է, ապա, խնդրում եմ, մենք դեմ չենք, թող մասնակցեն այդ բանավեճին», - ասել է Պուտինը։

 

ՌԴ նախագահն ընդգծել է՝ Ռուսաստանը համաձայն է, որ աշխարհը պետք է փոխվի, ու երբեք դրան չի խոչընդոտում, այդ թվում նաև ՄԱԿ-ի շրջանակում, սակայն ՌԴ-ն դեմ է, որ նոր աշխարհը կառուցվի միայն մեկ երկրի, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ի շահերից ելնելով:

 

Քաղաքականություն

Պատահարներ