Եվրոպական երկրները չպետք է օգտագործեն ադրբեջանական ռեսուրսները և հետո աչք փակեն նրա գործողությունների վրա. Մարիա Կարապետյան

Եվրոպական երկրները չպետք է օգտագործեն ադրբեջանական էներգառեսուրսները և հետո աչք փակեն տարածաշրջանում Բաքվի գործողությունների վրա։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում այս հայտարարությունն է արել ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

 

Նրա խոսքով` միջազգային հանրությունը կարող է իր ներդրումն ունենալ մեր տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև անվտանգության, խաղաղության և ժողովրդավարության պահպանման գործում։

 

«Առաջին հերթին էներգետիկ ռեսուրսները և տնտեսական ներուժը չպետք է օգտագործվեն եվրոպական երկրների կողմից, երկրորդ` միջազգային հանրությունը պետք է հաստատակամ լինի իր դիրքորոշման մեջ առ այն, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն կարող է տեղի ունենալ միայն Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման դեպքում»,– նշել է պատգամավորը։

 

Միայն այդ դեպքում Հայաստանը կկարողանա խուսափել ապակառուցողական գործընթացներից, որոնցում ցանկանում է ներգրավել Ադրբեջանը երրորդ երկրների աջակցությամբ։ Կարապետյանը հավելել է, որ Հայաստանը հետաքրքրված է իրեն շրջապատող երկրների հետ բարիդրացիական և գործընկերային հարաբերություններում։ Դրա համար հարևանները նույնպես պետք է հավատարիմ մնան ժողովրդավարական արժեքներին։

Քաղաքականություն

Պատահարներ