Կցանկանայի, որ Մխիթարյանը նույնպես այստեղ լիներ․ Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ

«Խաղից առաջ զրուցել էի Մխիթարյանի հետ, քանի որ խաղալու էի նրա ազգի դեմ ու հարցրի՝ ինչ ֆուտբոլիստներ կան և ինչ սպասել։ Նա ասաց, որ դժվար խաղ է լինելու և ճիշտ էր»։ Այդ մասին Թուրքիա – Հայաստան Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի առաջին տուրի հանդիպումից հետո նշել է Թուրքիայի հավաքականի առաջատարներից Հական Չալհանօղլուն, հաղորդում է VNews-ի թղթակիցը։

 

Իտալական «Միլանում» Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմակից Չալհանօղլուն լրագրողների հետ զրույցում ամփոփել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղը։

 

«Հիանալի էր այստեղ գտնվելը, բայց կարոտում եմ ընկերոջս՝ Մխիթարյանին: Կցանկանայի, որ Մխիթարյանը նույնպես այստեղ լիներ: Լավ խաղ էր, կարելի է գովել Հայաստանի հավաքականին:

 

Մարզիչը նոր է, թիմը՝ նույնպես: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի: Խաղի սկզբում իրար լավ չէինք հասկանում, քանի որ ամեն ինչ նոր է, պետք է ամեն ինչ շատ վերլուծենք: Շատ դժվար էր, բայց մենք պահպանեցինք կենտրոնացվածությունն ու լավ երկրորդ խաղակես անցկացրինք:

 

Խաղից առաջ զրուցել էի Մխիթարյանի հետ, քանի որ խաղալու էի նրա ազգի դեմ ու հարցրի՝ ինչ ֆուտբոլիստներ կան և ինչ սպասել, ինչին ի պատասխան նա ասաց, որ թիմն ու մարզիչը նոր են: Նա ասաց, որ դժվար խաղ է լինելու և ճիշտ էր, սակայն կրկնվեմ՝ ես կցանկանայի նրան տեսնել այստեղ, քանի որ նրա հետ թիմն ավելի ուժեղ կլիներ:

 

Մենք «Ինտերում» թիմակիցներ ենք, լավ ընկերներ ենք ու շատ մտերիմ»,- ասել է Չալհանօղլուն:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականը կամային հաղթանակ էր տարել 2-1 հաշվով։

 

Եվրո-2024-ի ընտրական D խմբում ընդգրկված են նաև Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։ Հայաստանի հավաքականը մարտի 28-ին սեփական խաղադաշտում ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի թիմի հետ:

 

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի ընտրական փուլի հաջորդ խաղում հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսի հավաքականին:

Քաղաքականություն

Պատահարներ