ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ մանրամասներ․ ինչպես են գյուղացիները վնասազերծել դանակով շրջող ադրբեջանցուն․ NEWS.am

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինվորականին վնասազերծած՝ Սյունիքի մարզի Աշոտավան համայնքի բնակիչները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են դեպքի մանրամասները։ Երիտասարդը, որը նախընտրել է չհրապարակել իր անունը, պատմել է, որ ապրիլի 10-ի երեկոյան փողոցում կայանած մեքենայի մեջ նստած են եղել, երբ նկատել են երկու դանակը ձեռքին գյուղով շրջող կասկածելի երիտասարդի։

 

Կանգնեցրել են նրան, ռուսերենով մի քանի հարց տվել, սկզբում նա համր է ձեւացել, ապա մի քանի բառ ասել անգլերեն։ Տեղացիները հասկացել են, որ ադրբեջանցի է, նրան վնասազերծել են եւ գյուղում թուրքերեն իմացող միակ մարդու՝ 83-ամյա Վոլոդյա Մուրադյանի օգնությամբ զրուցել նրա հետ։

 

«Ասաց՝ 19 տարեկան եմ։ Ըստ իրեն՝ երեք օր առաջ փախել էին։ Ինքն ասաց՝ երեքով ենք, երկուսն անտառում են մնացել։ Ասում էր, որ իրենց մոտ վիճակը շատ վատ է, զինվորին վատ են պահում, ղեկավարությունն անասունի պես է վերաբերվում իրենց, դրա համար են փախել։ Ինքն ասաց, որ իր զենքը թողել է գետի մոտ։ Առավոտյան թոռս գնաց գտավ զենքը»,- լրատվամիջոցի հետ զրույցում պատմել է Վոլոդյա Մուրադյանը։

 

Աշոտավանում հայտնված ադրբեջանցի զինծառայողը նախքան բռնվելը ջերմոցներով է անցել, հասցրել է մի քանի տուն մտնել։ Բնակիչների նկուղներում խնձոր եւ պահածոներ է կերել, դանակներ վերցրել։ Գյուղացիները նրան քաղաքացիական հագուստով են բռնել․ զինվորական հագուստը տներից մեկում է փոխել եւ այնտեղ թողել։

 

«Մտել է ընկերոջս տուն, իր կոշիկներն է հագել, ուտելիքներին է ձեռք տվել, գուցե թունավորել է, չգիտենք, թափել ենք ամեն դեպքում։ Ոստիկանության, Պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ ամբողջ գիշեր փնտրել ենք երկրորդին, չենք գտել։ Ինքն ասում է, որ փախել է, բայց եթե, իրոք, այդպես լիներ, իրենց դիրքերի հետեւում գտնվող գյուղը կգնային, ոչ թե այստեղ»,- պատմել է Աշոտավանի բնակիչը։

 

Ադրբեջանցին հանել է նաեւ բնակչուհի Արեւիկ Օհանյանի տան պատուհանի ցանցը, բայց ներս մտնել չի կարողացել։ Նկուղ է գնացել, պահածոներից օգտվել։

 

Մանրամասները` սկբնաղբյուր կայքում: 

Քաղաքականություն

Պատահարներ