Արամ Նիկոլյանը չի կարողանում մուտք գործել ազգային գրադարան Ադրբեջանի դրոշը այրելու համար․ փաստաբան

Դիզայներ Արամ Նիկոլյանին արգելում են մուտք գործել Հանրային հեռուստաընկերություն, որտեղ նա աշխատում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ Հայաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ, Արամ Նիկոլյանն այրել էր Ադրբեջանի դրոշը ու հայտնվել իշխանության թիրախում։

 

Ծառայողական քննության կամ կարգապահական վարույթի, Արամ Նիկոլյանին աշխատանքից ազատելու որոշման հրամանի մասին տեղեկություն առկա չէ, փոխարենը, փաստաբանի խոսքով, ստեղծվել է իրավիճակ, որ Արամ Նիկոլյանը չի կարողանում մուտք գործել Հանրային ՀԸ. ոստիկանության ծառայողներն արգելում են նրան մուտք գործել աշխատավայր՝ պատճառաբանելով, որ ոստիկանության ղեկավարությունը ցուցում է տվել՝ Նիկոլյանին ներս չթողնելու։ Ընդ որում, պարզվում է, որ Նիկոլյանի մուտքն արգելվել է ոչ միայն Հանրային ՀԸ, այլև՝ պետական պահպանության ներքո գտնվող մյուս պետական շենքեր։ Մասնավորապես, Արամ Նիկոլյանը ցանկացել էր մտնել հանրային գրադարան՝ գիրք վերցնելու, սակայն ոստիկանության ծառայողներն արգելել են՝ պատճառաբանելով, որ իրենք ևս ցուցում ունեն թույլ չտալու Նիկոլյանին ներս մտնելու, ավելին, նշել են, որ ցուցումը վերաբերում է ոստիկանական պահակակետեր ունեցող բոլոր պետական օբյեկտներին։

 

«Սա ծայրահեղ մտահոգիչ է։ Փաստորեն մեր պետությունը հասել է այնտեղ, որ անձը չի կարող գրադարան մտնել, մուտք գործել իր աշխատանքի վայր, որովհետև ոստիկանությունը, ուժ ցուցադրելով, չի թույլատրում, որ Արամ Նիկոլյանն ազատ ապրի, քանի որ մենք չենք խոսում ուժային ինչ-որ ռեժիմային օբյեկտ կամ կառույց մուտք գործելու մասին, այլ, անձը ցանկանում է մուտք գործել իր աշխատավայր, ազգային գրադարան, թույլ չեն տալիս։ Իր սեփական պետությունում, որտեղ պետությունը պետք է երաշխավորի իր քաղաքացու իրավունքները, պետությունը գործնականում անում է ամեն ինչ, որ հակառակը՝ իրավունքները խախտի։ Սա իմ խորին համոզմամբ՝ անձնական հետապնդում է»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ ոստիկանության ծառայողները հրահանգ ունեն, որը գալիս է շատ բարձր մակարդակով։

 

Անդրադառնալով իշխանական մամուլում Նիկոլյանի վերաբերյալ հրապարակումներին, թե իբրև Նիկոլյանը գումարի դիմաց է այրել դրոշը՝ փաստաբանը տեղեկացրեց, որ պատրաստվում են հերքման պահանջով դիմել լրատվամիջոցին, իսկ զրպարտչական տեղեկությունները չհերքելու դեպքում կդիմեն դատարան՝ պահանջելով պարտավորեցնել «ՀԺ»-ին՝ հերքել, գումարային պահանջ Նիկոլյանը չի ներկայացնի, քանի որ, ինչպես նշում է փաստաբանը՝ խնդիրը «ՀԺ»-ից գումար ստանալը չէ։

 

«Խստորեն դատապարտում եմ «ՀԺ» գործողությունները։ Տարածել նյութ, թե իբրև Նիկոլյանը 18 մլն դրամ է ստացել, որ բեմի վրա այրի Ադրբեջանի դրոշը, ընդ որում, սա այն դեպքում, երբ հասկանում ենք, թե «ՀԺ»-ն ում է պատկանում և այդ ԶԼՄ-ով լրահոսն ումից է գալիս և ում ցուցումով, և հենց այդ ցուցումը տված անձինք շատ լավ գիտեին, որ Նիկոլյանն օրինական ճանապարհով մասնակցել է տենդերին, շահել այն, միջոցառման համար ընդամենը համազգեստներ է կարել։ Այսինքն՝ գումարը վերաբերել է տենդերին, որը պետական գնումներով նախատեսված է եղել, պայմանագրային է եղել և «ՀԺ»-ի հետևում կանգնած անձինք, գերվստահ եմ, որ շատ լավ գիտեին, թե այդ գումարն ինչի համար էին, իսկ այդ գումարն սպորտային ամբողջ միջոցառման համար կարվող զգեստների ծախսերի գումարն էր և այնպես չէ, որ Նիկոլյանը վարձատրություն է ստացել, որ բարձրանար բեմ և այրեր դրոշը։ Հասկանալի է, որ նմանատիպ ստահոդ լուրեր տարածելով «ՀԺ»-ն ցանկացել է պարզապես Նիկոլյանի օրեցոր աճող, իրենց աչքերում՝ «ահագնացող» ռեյտինգը թուլացնել »,- նշել է Կոչուբաևը՝ հավելելով, որ դա եղել է Նիկոլյանի քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական որևէ պատկանելիություն, կուրս չունի, սա բացառապես իր՝ որպես քաղաքացու՝ անհնազանդությունն էր։ 

 

Փաստաբանը մտահոգություն է հայտնել առ այն, որ թշնամի պետության դրոշը սեփական երկրում այրելը նման ռեպրեսիվ ձևով ընդունելը մտածելու տեղիք է տալիս, թե ինչպիսի երկրում ենք ապրում։ 

 

Մանրամասները՝ կայքում։

Քաղաքականություն

Պատահարներ