Ֆրանսիահայ լրագրողը ՀՀ-ում դեսպանի մասին սենսացիոն բացահայտում է անում. «Հրապարակ»

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն շուտով պաշտոնանկ կարվի։ Այս մասին բազմաթիվ սկանդալային հրապարակումներ կան «Թվիթեր» սոցիալական կայքում։ Այս մասին գրում է «Հրապարակը»: 

 

«Տեղեկատվություն կա, որ դեսպանի պաշտոնանկությունն օրերի հարց է, եւ նույնիսկ հայտնի է արդեն նոր դեսպանի անունը՝ Օլիվիե Դեկոտինիե։ Այս պահին վերջինս զբաղեցնում է Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) Ֆրանսիայի հյուպատոսի պաշտոնը։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի մոտալուտ պաշտոնանկության պատճառը կարող է լինել ֆրանսահայ ճանաչված լրագրող Լեո Նիկոլիանի հրապարակած HSBC բանկի փաստաթուղթը, որը պտտվում է թվիթերյան հարթակներում, եւ որից երեւում է, որ դեսպան Անն Լույոյի հաշվին 2022 թվականի նոյեմբերի 25-ին 3 մլն 100 հազար ԱՄՆ դոլար գումար է նստել։ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի՝ Հայաստան սպասվող այցի նախօրեին սա կարող է մեծ արձագանք ստանալ։ Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի ԱԳ նախարարը Երեւանում կլինի ապրիլի վերջին։ 

 

Մեր հարցերին պատասխանելով, Լեո Նիկոլիանն ասաց, որ սկանդալային փաստաթուղթը ստացել է իր աղբյուրներից։ «Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը բանկային հաշիվը գաղտնի է բացել։ Նա իրավունք չուներ նման հաշիվ ունենալ։ Միայն Ֆրանսիայում կարող էր ունենալ։ Բայց անգամ եթե ունի, ապա նա պարտավոր էր հայտարարագրել այդ հաշիվը։ Որտեղի՞ց դեսպանին այդ 3 մլն դոլարը։ 1 մլն-ն նա ստացել է «Վեոլիա ջուր» ընկերությունից, իսկ 2 մլն դոլարը՝ Ադրբեջանից»,- սենսացիոն բացահայտում է անում Լեո Նիկոլիանը։

 

Ֆրանսիայի դեսպանատան մամուլի պատասխանատուն մեզ հետ հեռախոսազրույցում այս տեղեկատվությունը հերքում է, հղում կատարելով ոչ այնքան ճանաչված Courrier d’Erevan էլեկտրոնային պարբերականի վրա։ «Մենք հերքումն ուղարկել ենք Courrier d’Erevan, մեր ֆեյսբուքյան էջում էլ իրենց հրապարակումը տեղադրել ենք»,- հայտնել է դեսպանատան մամուլի պատասխանատուն։ Բացում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջը եւ կարդում ենք․

«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եւ Ֆրանսիայի դեսպանության պատասխանը Le Courrier d'Erevan-ին՝ դեսպան Անն Լույոյի հասցեին ուղղված կեղծ լուրերի վերաբերյալ։ 

Դեսպան Անն Լույոյի հասցեին ուղղված զրպարտչական եւ չարամիտ լուրերը որեւէ հիմք չունեն։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը պաշտոնապես հերքում են դրանք եւ դատապարտում են կեղծ փաստաթղթերի օգտագործումը։ Դեսպանն իրեն իրավունք է վերապահում հարցին տալ իրավական ընթացք: Դեսպան Անն Լույոն աշխատում է Երեւանում՝ ծառայելով ֆրանս-հայկական հարաբերություններին եւ մեր երկու երկրների բարեկամությանը»։

 

Մամուլի պատասխանատուին հարցրինք, թե ինչ լրատվամիջոց է Courrier d’Erevan-ը, ինչ կապ ունի դեսպանատան հետ, եւ ինչու դեսպանատունն իր հերքումը չի տեղադրում իր դեսպանատան պաշտոնական էջին, հստակ տեղեկություններ չի նշում, թե ինչն է հերքում, այլ տարածում է ինչ-որ պարբերականի նյութ։ «Courrier d’Erevan-ը ֆրանսիական մեդիա է Հայաստանում։ Պաշտոնական կայքում հերքումը չկա։ Մեզ հարցում են արել, ոնց որ դուք։ Մեր դեսպանատան էջը մտեք, կտեսնեք»,- ասել է մամուլի պատասխանատուն։

 

Բայց մեր նշած տեղեկությունը միլիոնավոր դիտումներ է հավաքում սոցհարթակներում, ինչո՞ւ ձեր պաշտոնական կայքում չեք դնում հերքումը։

 

«Թույլ տվեք մենք որոշենք, հա՞։ Մեզ գրավոր հարցում են ուղարկել, մենք պատասխանել ենք։ Մենք հերքում ենք այդ բոլոր տեղեկությունները։ Լեո Նիկոլիանին այդքան կարեւորություն տալ ու կայքում դնել նման  տեղեկատվություն, կարծում եմ՝ սխալ է։ Ոմն Լեո Նիկոլիանի կողմից, ով պրոկրեմլյան կերպար է եւ պատմություններ է հորինել` կեղծ զրպարտանքներ դեսպանի հանդեպ»,- ասել է պատասխանատուն։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

 

Քաղաքականություն

Պատահարներ