Հայկական արմատներով ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն ծրագրում է այցելել Հայաստան

Ամերիկացի հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Գլենդելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ խոսել է իր ընտանիքի պատմությունից։  

 

«Իմ տատիկի մայրը փրկվել է ցեղասպանությունից, ուստի ես այսօր կարող եմ պատմել նրա պատմությունը: Սակայն քանի նման պատմություն չի լսվել, և քանի մարդ չգիտի հայերի պատմությունը»,- Fox 11-ի փոխանցմամբ՝ ասել է նա՝ նշելով նման պատմությունների կարևորությունը։

 

«Վայրագությունները շարունակում են տեղի ունենալ նաև հիմա», – ասել է Մանգանիելոն ՝ նկատի ունենալով Արցախում տիրող իրավիճակը: 

 

«Մայրս հայ էր, այնպես որ այդ հիմքի վրա եմ ես մեծացել: Ես մեծացել եմ խաղողի տերևների, լահմաջոյի, սուջուխի, փլավի և թաբուլեի ուտեսների վրա։ Դա իմը չէ, բայց ես  դրանք տոննաներով եմ կերել: Եվ մայրս հենց դա էր պատրաստում մեզ համար», – ասել է դերասանը: 

 

Մանգանիելոն խոստովանել է, որ մինչ այժմ Հայաստանում չի եղել, սակայն «ծրագրում է շուտով եղբոր հետ գալ նոր նախագծի հետ կապված, որի վրա նա աշխատում է»: 

 

«Ես միշտ հպարտ կլինեմ այն ամենով, ինչի միջով անցել է իմ մեծ տատիկը, որպեսզի կարողանամ այստեղ լինել: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է հպարտանա իր նախնիներով և այն ամենով, ինչ նրանք արել են, որ մենք բոլորս կարողանանք լինել այստեղ», – եզրափակել է հոլիվուդյան դերասանը: 

 

Ապրիլի 24-ին լրացավ 20 – րդ դարի առաջին ցեղասպանության՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Այդ օրը հայերը և ողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում մարդկության դեմ կատարված հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին, որը խլեց ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանք:

Քաղաքականություն

Պատահարներ