«Մոտ երկու րոպե ինքնաթիռը որոշ սարքավորումներով չի նկատվել»․ Սանոսյանը՝ Երևանից դեպի Կապան փորձնական թռիչքի մասին

ՀՀ կառավարությունը խնդիր է դրել ապահովել կանոնավոր չվերթների իրականացումը Երևանից դեպի Կապան։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով այդ երթուղով տեղի ունեցած փորձնական թռիչքի մասին։

 

Կանոնավոր թռիչքների մեկնարկի ժամկետ գործադիրի նիստում չնշվեց, քանի որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ փորձնական թռիչքի ժամանակ արձանագրվել են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծվեն։

 

«Մի հատված ենք ունեցել, որտեղ մոտ երկու րոպե ինքնաթիռը որոշ սարքավորումներով չի նկատվել, որը տեխնիկական է։ Մենք հենց դա էլ ուզում էինք հասկանալ, որպեսզի հետագայում թռիչքուղու ուղղությամբ մեր ալեհավաք և այլ նավիգացիոն սարքավորումները շտկենք։ Ընդհանուր առմամբ, թռիչքը դրական ենք գնահատում։ Մեր նպատակն է վերլուծել տեղի ունեցածը»,– ասել է նախարարը։

 

Սանոսյանը նշեց, որ վերլուծություններից ու սարքավորումների փոփոխությունից հետո հնարավոր է նոր տեխնիկական փարձնական թռիչք իրականացվի։ Եվ միայն ինքնաթիռի ամբողջ թռիչքը ռադարների կողմից տեսանելի լինելու դեպքում կսկսվեն աշխատանքները կանոնավոր թռիչքների կազմակերպման ուղղությամբ։

 

Բացի այդ, կառավարությունը պետք է նաև լուծի թռիչքի կազմակերպման որոշ տեխնիկական հարցեր։

 

«Քանի որ սա ներքին թռիչք է, պետք է հասկանանք, թե «Զվարթնոցում» ու տեղում ինչպես պետք է կազմակերպենք, որովհետև անձնագրային որոշակի գործառույթները պետք է հասկանանք։ Կապանի օդանավակայանը մեծ հաշվով պատրաստ է թռիչքներն ընդունելու։ Եվ մեր նպատակն է այս ամենը ավարտելուց հետո գնալ նրան, որ ունենանք կանոնավոր փոխադրումներ»,– ասել է Սանոսյանը։

 

ՏԿԵ նախարարը նաև հայտնեց, որ փորձնական թռիչքը Երևանից Կապան տևել էր 46 րոպե, բայց կանոնավոր թռիչքների դեպքում այն կկրճատվի 5-6 րոպեով, քանի որ փորձնական թռիչքը ավելի դանդաղ է իրականացվել` հնարավոր տեխնիկական խնդիրները բացահայտելու համար։

Հիշեցնենք` ապրիլի 26-ին Կապանի «Սյունիք» օդանավակայանում 10:58 վայրէջք էր կատարել «Զվարթնոց» օդանավակայանից փորձնական թռիչքից իրականացրած L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը` նախատեսված 19 ուղևորի համար։

Քաղաքականություն

Պատահարներ