Քենիայում Ռումինիայի դեսպանը աֆրիկացիներին համեմատել է կապիկների հետ

Ռումինիան Քենիայից հետ կկանչի իր դեսպան Դրագոս Վիորել Տիգաուին այն բանից հետո, երբ այնտեղ դիվանագետը կապիկներին համեմատել է աֆրիկացի դիվանագետների հետ։ Այս մասին հայտնում են CNN-ը և BBC-ն՝ հղում կատարելով Ռումինիայի ԱԳՆ հայտարարությանը։ Ինչպես նշում է BBC-ն, ապրիլի 26-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ՄԱԿ-ի շենքում հանդիպման ժամանակ Տիգաուն, երբ տեսել է կապիկներին պատուհանից դուրս, իբր ասել է՝ «մեզ միացել է աֆրիկյան խումբ»։ 
 

Միջադեպից հետո Քենիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Կամաու Մաչարիան Twitter-ում հայտնել է, որ «ցնցված է և վրդովված» միջադեպից»։ Ռումինիայի ԱԳՆ-ն պաշտոնական ներողություն է խնդրել Քենիայի իշխանություններին և հայտարարել, որ սկսել է իր դեսպանին հետ կանչելու գործընթացը։ 

 

«Մենք խորապես ցավում ենք այս իրավիճակի համար և ներողություն ենք խնդրում բոլոր տուժածներից։ Ռասիստական ​​բնույթի ցանկացած պահվածք կամ մեկնաբանություն միանգամայն անընդունելի է»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ Միջադեպից հետո Ռումինիայի դեսպանը նույնպես ներողություն է խնդրել, այդ թվում՝ գրավոր, հայտնել են ԱԳՆ-ից։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ