ԱՄՆ-ից ասել են, թե ինչու է հետաձգվել Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսված էր այս շաբաթ Վաշինգտոնում, հետաձգվել է ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների քննարկումների հերթական փուլը, որը նախատեսված էր հունիսի 12-ին Վաշինգտոնում, հետաձգվել է Բաքվի խնդրանքով։

 

«Ցավոք, այս հանդիպումը չկայացավ ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, և մենք անհամբեր սպասում ենք, որ այն տեղի կունենա որքան հնարավոր է շուտ», - ասել է Միլլերը:

 

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով, կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը։ Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ ուղղակի երկխոսությունը չլուծված խնդիրների լուծման բանալին է: 

 

«Մենք կարծում ենք, որ համաձայնությունը հասանելի է»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

 

Հիշեցնենք, որ նախորդ նախարարական բանակցությունները Վաշինգտոնում տեւել են 4 օր (մայիսի 1-4)։ Նրանք երկու անգամ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

Քաղաքականություն