ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժողովրդին ոչխար եք անվանել, չեք կարող ընտրվել ԱԺ-ի կողմից». Ալեքսանյանը՝ ՄՊՀ թեկնածուին

ՀՀ ազգային ժողովում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրելու քննարկումները շարունակվում են թեժ մթնոլորտում. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խորհրդարան գալուց առաջ «ուսումնասիրել» են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջադրված, մասնագիտությամբ իրավաբան, գործող փաստաբան Անահիտ Սարգսյան թեկնածուի ֆեյսբուքյան էջը։

 

Ընդդիմության թեկնածուի հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նախ հետաքրքրվեց` արդյոք նա ՄՊՀ–ում աշխատանքի է անցել Սերժ Սարգսյանի օրոք, և դրական պատասխան ստացավ։ Այնուհետև պատգամավորը Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումներից մեջբերում արեց, որտեղ վերջինս ոչխար է անվանել ժողովրդին. «Բա, ոչխար ժողովուրդ, մերժեցիք Սերժին, բերեցիք Նիկոլին, բա հիմա չե՞ք երազում Սերժի Հայաստանը»։

 

ՔՊ–ական պատգամավորը հետաքրքրվեց` Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնի նշանակվելու համար պարտադի՞ր պայման է ՀՀ ժողովրդին ոչխար համարելը։ Ալեքսանյանը նաև ցանկացավ իմանալ` եթե նա ժողովրդին ոչխար է համարում, ինչպե՞ս է այդ ժողովրդի ձևավորած խորհրդարանից եկել ու քվե ուզում, ո՞նց է պատկերացնում, որ այդ ժողովրդի մեջ պետք է ղեկավար պաշտոն զբաղեցնի։

 

«Ես այս ամբիոնի մոտ կանգնած եմ որպես ՀՀ քաղաքացի և որպես իրավաբան, կարծում էի, թե քաղաքական հարցերի չեմ պատասխանելու, քանի որ այս պաշտոնն էլ քաղաքական չէ։ Ասեմ մի բան, ես` որպես ի ծնե ՀՀ քաղաքացի, իմ կարծիքն ունեմ տեղի ունեցող երևույթների վերաբերյալ` պետության, դրա ամրության, ղեկավարների, նրանց վարած քաղաքականության։ Ես չգիտեմ, թե ինչ գրառում եք ասում, չեմ կարծում, որ իմ ֆեյսբուքյան էջում նման գրառում կա, սակայն այն պահին, երբ մենք կորցնում ենք Արցախի Հանրապետությունը, այդ դեպքում ես կարող եմ խնդիրներ ունենալ այն ժողովրդի հետ, որը հանգեցրեց դրան»,– ասել է Անահիտ Սարգսյանը։

 

Նա ընդգծեց, որ Ալեքսանյանն ազնիվ չէ, երբ ԱԺ–ում նման գրառումներ է կարդում։ Իշխանական պատգամավորն էլ շեշտեց, որ Սարգսյանը պետք է ներողություն խնդրեր ժողովրդին «ոչխար» անվանելու համար և դրանից ելնելով էլ չի կարող ընտրվել ԱԺ–ի կողմից, որին ընտրել է ժողովուրդը։

 

ՔՊ–ական պատգամավոր Արփինե Դավոյանն էլ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից այլ գրառում մեջբերեց, որտեղ նա Նիկոլ Փաշինյանին ընտրած ժողովրդին անվանել է փուչ մարդիկ, անուղեղ, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով։ Նա շեշտեց, որ այդ գրառումները ջնջվել են։ Դավոյանը հետաքրքրվեց` արդյոք Անահիտ Սարգսյանը հիմա էլ պնդում է իր այդ մտքերը, թե ոչ։

 

«Ես գրառումներ չեմ անում ու ջնջում, ես դրանք անում եմ ու մնում են այդ գրառումները։ Տարօրինակ է` եթե ջնջված էին, ինչպես եք դուք դրանք մեջբերում։ Ես նշում եմ` ինձ համար կյանքում ամենակարևորը պաշտոնը չէ, ոչ էլ ստացած աշխատավարձը, այլ պետությունը, ազգը և ժողովուրդը։ Ես իմ կյանքի ընթացքում բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել այլ երկիր տեղափոխվելու, բայց հասկացել եմ, որ կարող եմ միայն իմ հայրենիքում ապրել։ Հայաստանն ու Արցախն իմ հայրենիքն են։ Ինձ համար Արցախի կորուստը նաև ՀՀ պետականության կորուստ է»,– ասել է ՄՊՀ անդամի թեկնածուն։

 

Նա եզրափակելով իր խոսքը` շեշտեց, որ այդ պաշտոնում որևէ անձի ընտրելու կամ չընտրելու հարցը պետք է բացառապես պայմանավորված լինի տվյալ մարդու մասնագիտական կարողություններով։ Այսինքն, թե որքանով է նա ունակ իրականացնել իր կարողությունները։ Անահիտ Սարգսյանի պնդմամբ` «Ֆեյսբուքի» գրառումները ԱԺ–ում հրապարակելը հարիր չէ այդ դահլիճին։

Քաղաքականություն