Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը․ Գևորգյանի հարցը՝ Էդգար Ռինկևիչին

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը հարց է հղել Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկևիչին անդամ երկրների քայլերի և դրանց պատասխանելու հնարավորությունների մասին։ Գևորգյանին հետաքրքրում էր, թե ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն առավել վճռականություն կցուցաբերի՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը և կկանխի նոր պատերազմական հանցագործությունները։

 

«Այս առումով կցանկանայի հարցնել՝ Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը»,– հարցրել է նա։

 

Գևորգյանն իր հարցում հիշեցրել է, որ Ադրբեջանը շարունակում է խարխլել է ժողովրդավարության չափորոշիչներն ու օրենքի գերակայությունը և տարածաշրջանում բնիկ հայ ժողովրդի էթնիկական զտման գործունեություն է ծավալում։

 

«Չեմ կարծում, թե գունավոր գծերով տարանջատումն այս մեծ կազմակերպության ոգուն համահունչ լավագույն մոտեցումն է»,– ի պատասխան ասել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչն ու հավելել, որ կոմիտեն լի է վճռականությամբ՝ ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անդամ-պետություն հավատարիմ մնա միջազգային իրավունքի հիմնական կանոնադրություններին և կոնվենցիաներին, ինչպես նաև Եվրոպական կոնվենցիաներին։

 

Նա հայտնել է, որ կոմիտեի նախագահության դերում ընդհանուր մի սկզբունք կա, այն է միջազգային իրավունքի նորմերը։ Նա կոչ է արել, որ յուրաքանչյուր անդամ պետություն, պահպանի այդ նորմերը:

 

Նշենք, որ Ռինկևիչը հավելել է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները նույնպես պետք է ի կատար ածվեն։

 

Քաղաքականություն

Պատահարներ