Ադրբեջանը պարտավոր է ապացուցել, որ ձգտում է խաղաղության․ եվրոպացի պաշտոնյա

Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել, որ խաղաղության է ձգտում։ Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։

 

Նա նշել է, որ ԵՄ–ն ջանքեր է ներդնում, որ ՀՀ–ի և Ադրբեջանի ղեկավարության միջև շփումն ավելի դյուրացվի։

 

«Վերջին այդօրինակ շփումը տեղի ունեցավ Քիշնևում` ԵՄ նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։ Մենք ջանքեր ենք ներդնում, որպեսզի լարվածությունը նվազի, և ՀՀ–ում ԵՄ առաքելությունը պետք է նպաստի դրան»,–ասել է Լուազոն, հավելելով, որ ժամանակն է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատվի։
 

«Ինչպես գիտեք, պատերազմ սկսելու համար ընդամենը մի երկիր է պետք, բայց դադարեցնելու համար պետք է երկու երկրների բարի կամքի դրսևորում»,– ասել է նա։
 

Լուազոն միաժամանակ վերահաստատել է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է և պետք է դադարեցվի։
 

«ԼՂ հայերի իրավունքները և բարեկեցությունը պետք է պաշտպանության արժանանան։ Եվ ՀՀ ինքնիշխանությունը պետք է հարգանքի արժանանա»,–ընդգծել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ