ՀԱՊԿ-ն էլ ավելի է նյարդայնացնում Արևմուտքին․ Զախարովա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իր զարգացման հետ մեկտեղ ավելի է նյարդայնացնում արևմտյան երկրներին, որոնք հակազդում են ՀԱՊԿ-ին՝ բարդացնելով դրա փոխգործակցությունն այլ միջազգային կառույցների հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

«Որքան ՀԱՊԿ-ն թափ է հավաքում, այնքան ավելի ու ավելի մեծ գրգռիչ է դառնում Արևմուտքի համար։ Մենք տեսնում ենք, թե ստեղծվող խնդիրների պատճառով ինչ դժվարությամբ է ընթանում ՀԱՊԿ փոխգործակցությունն այլ միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ... », – ասել է Զախարովան՝ պատասխանելով ՀԱՊԿ անդամ երկրների շարքերում պառակտում մտցնելուն ուղղված` Արևմուտքի փորձերի մասին հարցին։
 

Ռուս դիվանագետը նշել է, որ Արևմուտքում չեն թաքցնում ՀԱՊԿ-ին թուլացնելու ձգտումները՝ հանրային տարածքում սևացնելով կազմակերպությունը, իսկ Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու համար լրացուցիչ արտոնություններ են խոստանում:
 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Արևմուտքն ի դեմս ՀԱՊԿ–ի սպառնալիք է տեսնում միջազգային ասպարեզում իր գերակայությանը։
 

ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։

Քաղաքականություն

Պատահարներ