«Ստեփանակերտում սեփական ինքնիշխանությունը հարգու՞մ են». Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի գրառումը. «Հասկանալի է, Հայաստանը պետք է մաքսիմալ աջակցի, որ Արցախի հայերի իրավունքները պաշտպանվեն։ Բայց ո՞րն է դա անելու Ստեփանակերտի պատկերացումը։ 
 

Բացի անիրատեսական ու գիտաֆանտաստիկ մոտեցումներից, ի՞նչ լուծում են տեսնում պաշտոնական Ստեփանակերտում։ 
 

Արցախի իշխանությունները հասկանու՞մ են, որ իրենց ժողովուրդը իրենց ընտրել է, որ ոչ թե ընդդիմադիր կեցվածքով «ուռա-հայրենասիրություն» գոռան, այլ որ իրապես քայլեր ձեռնարկեն սեփական քաղաքացիների անվտանգության ապահովման համար։ 
 

Եվ իրենք պետք է սեփական ժողովրդի հետ իրատեսական հնարավորությունների մասին ազնիվ խոսակցություն ունենան։ 
 

Ի՞նչ են պատկերացնում` ռուսների էգիդայի տակ շարունակել ապրել (գնալով վատթարացող պայմաններով ու փակվող Լաչինով), Բաքվի հետ բանակցել ու փորձել միջազգային մոնիտորինգային առաքելություն բերել Արցախ, միգուցե նստելու են սպասեն, որ մի 70 տարուց աշխարհը հասկանա, որ իրենք են ճիշտը (Ադրբեջանն էլ էդքան կսպասի), թե՞, միգուցե, այլ տարբերակ են մտածում։ 
 

Հ.Գ. Արցախի իշխանությունները պարբերաբար դժգոհում են Երևանից, թե բա «Հայաստանը չի հարգում մեր անկախությունը»։ Այո, Հայաստանի ոչ մի իշխանություն Արցախի անկախությունը չճանաչեց (քանի որ դա լավ տեղ չէր տանի)։ Իսկ, կներեք, պաշտոնական Ստեփանակերտում սեփական ինքնիշխանությունը հարգու՞մ են։ Ինքնիշխանությունը, որի սահմաններում պիտի կարողանան ինքնուրույն պատասխանատու որոշումներ կայացնել։ 

 

Իրենք հասկանու՞մ են, որ պետք է արցախցիներին ներկայացնեն ոչ միայն Երևանում (ինչպես պետք է անեն ՀՀ մարզերի ու համայնքների իշախնությունները)»։

Քաղաքականություն

Պատահարներ