Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը բաց նամակ է հղել ադրբեջանական լրատվականին

Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել բաց նամակով՝ ուղղված ադրբեջանական Minval լրատվական կայքին։ Ռուսաստանցի դիվանագետները իրենց բողոքն են արտահայտել՝ «հակառուսական բնույթի նյութերի տարածման դեմ»՝ հիշատակելով մասնավորաբար կայքի կողմից վերջին օրերին հրապարակված մի շարք հոդվածները։

 

Դրանցում, Minval-ի հոդվածագրերը պնդում էին, որ Գետաբեկի շրջանում սկիզբ առած բողոքի ակցիաները ֆինանսավորվում են Մոսկվայից, իսկ ռուսական կողմը զինում է Ղարաբաղի հայերին։ Ռուսաստանի դեսպանությունն իր տարակուսանքն է հայտնել նաև կայքում Ադրբեջանի Սահմանադրական դատարանի դատավոր Իսա Նաջաֆովի հարցազրույցի հրապարակման առթիվ։ Դրանում, Սահմանադրական դատարանի անդամը պնդում էր, թե՝ «ռուսաստանյան հատուկ ծառայությունները 90-ականներին մտադիր էին թունավորել Հեյդար Ալիևի՝ Լոնդոնում բնակվող թոռներին»։

Ռուսաստանի դիվանագետները այս տեղեկատվությունը կեղծիք են որակում՝ պնդելով, որ նման տեղեկությունների տարածմամբ՝ Minval-ը մաս է կազմել բրիտանացիների կողմից Ռուսաստանի դեմ հրահրված քարոզչական արշավին։

 

«Ցավալի է, որ Minval կայքը Լոնդոնի հակառուսական տեղեկատվական-քարոզչական արշավում օգտագործվում է բարեկամ Ադրբեջանի տարածքում, ինչը հակասում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված «Դաշնակցային գործակցության մասին» հռչակագրի դրույթներին», - նշված է Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ