Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է․ պետնախարար

Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է: Այս մասին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
 

 «Ամենատարբեր հարթակներում պարբերաբար հնչում են հայտարարություններ, տրվում են մեկնաբանություններ, որոնց համաձայն մենք ունեք բազմաթիվ կամ ամենատարբեր բացթողումներ՝ բանակցային այս կամ այն գործընթացներում, որոնց ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ հիմա մենք, հարգելի հայրենակիցներ, ձեզ հետ միասին, ուզում եմ, որ հայտարարենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունքը վաստակել և այն իրացրել է։
 

Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է, և Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է։
 

Եվ թող որևէ մեկը թույլ չտա իրեն՝ սակարկելու, քննարկելու կամ զիջելու առարկա դիտարկել մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և սեփական ճակատագիրը տնօրինելու  իրավունքն ու ազատությունը»,- հայտարարել է պետնախարարը:
 

Իր խոսքով՝ հետպատերազմյան շրջանում իրենք լսել են բազմաթիվ քննարկումներ, ՀՀ իշխանությունների կողմից նշաձող իջեցնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականույթունը ճանաչելու մասին հայտարարություններ, սակայն այդպես էլ խաղաղութուն կամ գոնե բարիդրացիական վերաբերմունք չտեսան:
 

«Հանուն ինչի են կատարվում այդ զիջումները, եթե դրանից ամեն օր խորանում է Արցախի ժողովրդի վիճակը, ծանրանում է բեռը: Եթե մենք խաղաղություն ենք ուզում այս գնով, ուրեմն մեզ խաղաղություն պետք չէ, մեզ խաղաղություն պետք է սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը հարգելու գնով»,-ասել է նա՝ հորդորելով քաղաքացիներին, անկախ ամեն ինչից, չվհատվել:

Քաղաքականություն

Պատահարներ