Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով. ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել

Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ, այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

 

Գերատեսչությունը մի քանի հայտարարություն է արել՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: 

 

«2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը: 

 

Մենք կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է տեղափոխվի երրորդ երկրների վրա։ Անհրաժեշտ է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»։

 

«Մտահոգիչ է, որ այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով։ Տարածքում հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից։ Սա կարող է ամենադրամատիկ հետևանքները բերել արցախահայության՝ շրջանի հասարակ բնակիչների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Ռուսական կողմը կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը անհապաղ ապաշրջափակելու, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու երկու ուղղություններով, ինչպես նաև էներգակիրներ մատակարարելու տարածաշրջանին։

 

Քաղաքականություն

Պատահարներ