Միշելը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է հնգակողմ հանդիպման․ մանրամասներ

Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որից հետո Միշելը հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նա հանդիպումը բնութագրել է որպես «անկեղծ, ազնիվ և բովանդակալից»։
 

Հիշեցնելով այս տարվա մայիսից ի վեր տարբեր երկրների միջնորդությամբ կայացած հանդիպումները՝ Միշելը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ բանակցություններ են ընթանում։
 

«Ես ողջունել եմ երկու ղեկավարների հանձնառությունը խաղաղության գործընթանցին և խրախուսել նրանց՝ կատարելու խիզախ քայլեր` ապահովելու վճռական և անշրջելի առաջընթաց կարգավորման գործընթացում»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը, հավելել՝ չնայած դրան՝ տարածաշրջանում լարվածությունը շարունակվում է։
 

Միշելի խոսքով՝ օրակարգում եղած բոլոր հարցերը քննարկվել են։ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ ամբողջապես վերահաստատեցին հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ՝ 29,8 հազար քկմ Հայաստանի և 86,6 հազար քկմ Ադրբեջանի դեպքում։ Երկու ղեկավարները վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ ընդունել 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ»,- ասել է պաշտոնյան, հավելել՝ կողմերը համաձայնել են ակտիվացնել սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը։ Նա նաև ողջունել է հուլիսի 12-ին սահմանային հարցերով հանձնաժողովների հանդիպումը: 
 

Միշելի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանն անհրաժեշտ են «վերահավաստիացումներ՝ առաջին և ամենակարևոր հերթին՝ կապված նրանց իրավունքների և անվտանգության հետ։ Ես արտահայտեցի ԵՄ աջակցությունը ուղղակի երկխոսությանը Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ի բնակչության ներկայացուցիչների միջև։ Այս երկխոսությունը պետք է ապահովի շատ անհրաժեշտ վստահությունը բոլոր ներգրավված կողմերի համար»,- հավելել է եվրոպացի պաշտոնյան։
 

Նրա խոսքով՝ երկու ղեկավարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ հեշտացնելու սահմանը ակամա հատած ձերբակալվածների վերադարձը։ 

 

«Ես հորդորել եմ երկու կողմերին՝ ապահովել ձերբակալվածների վերադարձը»,- նշել է նա: Անհետ կորած անձանց և ականազերծման հարցերին ևս անդրադարձ է եղել։
 

Միշելը տեղեկացրել է, որ կողմերը միմյանց հետ սերտ կապ կպահեն՝ ապահովելու բոլոր քննարկված և համաձայնեցված հարցերի մանրակրկիտ իրականացումը: «Առաջընթացը կախված է առաջիկայում իրականացվելիք քայլերից»,- ասել է նա: 
 

Միշելը հավելել է, որ բռնությունը և կոպիտ հռետորաբանությունը պետք է դադարեն՝ խաղաղության և կարգավորման համար հիմք ստեղծելու նպատակով։ Նա Փաշինյանին և Ալիևին հրավիրել է այցելել Բրյուսել ամառվանից հետո, ինչպես նաև ևս մեկ հնգակողմ հանդիպման՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ Եվրոպական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակում։

Քաղաքականություն

Պատահարներ