Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ. մոտ 500 եվրոպական ՀԿ-ներ նամակ են գրել ԵՄ և ԵԽ ղեկավարներին

Ավելի քան 470 եվրոպական ՀԿ-ներ և միավորումներ նամակ են հղել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ղեկավար անձանց՝ հորդորելով անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։ Նամակը հասցեագրված է Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական Խորհրդարանի նախագահներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին։Հայտնում են Եվրոպացիներն Արցախի համար նախաձեռնությունից: 

Նամակի հեղինակները մատնանշում են անտանելի կենսապայմանները, որոնցում հայտվել են 120.000 Արցախահայեր՝  Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի կանխամտածված շրջափակման հետևանքով։ 

«Հանուն մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, հանուն այն արժեքների, որոնց ջատագովն են եվրոպական ժողովրդավարությունները, հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի » եվրոպական կազմակերպությունները իրենց առաջնորդներից խնդրում են ձեռնարկել հետևյալ վեց կոնկրետ գործողությունները․ 

Ադրբեջանից կրկին պահանջել անհապաղ դադարեցնել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության խախտումները, հանել Հակարիի կամրջի անցակետը, որը տեղադրվել է Արդարադատության միջազգային դատարանի և միջազգային պարտավորությունների կոպիտ խախտմամբ, ինչպես նաև ապաշրջափակել Լաչինի միջանցքն ու ապահովել մարդկանց և ապրանքների ազատ ու ապահով շարժը դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ։ 

Ադրբեջանի և նրա ղեկավարների նկատմամբ կիրառել տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ՝ ռազմական հանցագործությունների, միջազգային պարտավորությունները չկատարելու, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն օկուպացնելու և Արցախը շրջափակման համար։ Օգտագործել բոլոր լծակները՝ կանխելու Բաքվի ցանկացած վերահսկողություն Արցախի նկատմամբ, քանի որ դա անխուսափելիորեն նշանակում է Արցախի տեղաբնիկ հայ բնակչության էթնիկ զտում։ 

Ճանաչել Արցախի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը  որպես կենսական անհրաժեշտություն և օգտագործել բոլոր լծակները, որպեսզի Արցախի կարգավիճակն արտացոլի իր բնիկ հայ բնակչության ժողովրդավարական կամարտահայտումը, ինչպես նաև ստեղծի պայմաններ կայուն խաղաղության և անվտանգության համար։ Գործարկել օդային միջանցք՝ Արցախին շտապ տնտեսական և հումանիտար օգնության տրամադրելու և Ստեփանակերտի օդանավակայանի միջոցով օդային հաղորդակցությունների անվտանգությունը երաշխավորելու նպատակով, 

Իբրև խաղաղ բանակցությունների նախապայման՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիս զորքերը անհապաղ և առանց նախապայմանների դուրս հանելի ՀՀ ինքնիշխան տարածքից և վերջ տալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ դիրքորոշմանը ։ 
 

Նամակը հղվել է Եվրոպական միության առաջնորդներին, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ իր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ