«Հայաստանի բանակը երբևէ ղեկավարած անձանցից հինգը մեղադրյալներ են». Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը գրում է. 

 

«Հայաստանի պաշտպանության նախարարները․ ամոթալի ու ողբերգական վիճակագրություն․ Ահա՛ որտեղ և ինչո՞ւ ենք պարտվել․․․ 


Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը տարբեր ժամանակներում ղեկավարել են 10 անձինք, և նրանցից յուրաքանչյուրի կյանքի ընթացքն ունեցել է առանձնահատուկ ոդիսական։ 


1. Պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ։ 


2. Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը պաշտոնանկությունից հետո հեռացել է Հայաստանից, հանդիսանում է ՌԴ քաղաքացի և մշտապես բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում։ 


3. Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն այսօր ամբաստանյալ է և մեղադրվում է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ 


4. Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր ամբաստանյալ է և մեղադրվում է այն բանի համար, որ կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։ 


5. Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր հանդիսանում է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։ 


6. Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը մեղադրվում էր մարտի 1-ի գործով, հանդիսանում է ՌԴ քաղաքացի և բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում։ 


7. Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր մեղադրյալ է և մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքով արգելված մի շարք ենթադրյալ արարքների կատարման մեջ։ 


8. Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր մեղադրյալ է, մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, գտնվում է հետախուզման մեջ և բնակվում է ԱՄՆ-ում։ 


9. Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ամբաստանյալ է, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով /Յուրացում-վատնում/ կատարելու համար, կալանավորված է, 


10. Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկությունից հետո, ըստ տարածված լուրերի, հեռացել է Հայաստանից և մշտապես բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում։ 


Թե ի՞նչ ճակատագիր է սպասվում գործող նախարար Սուրեն Պապիկյանին, ժամանակը ցույց կտա, բայց վերը նշվածը տխուր ու ողբերգական վիճակագրություն է, երբ Հայաստանի բանակը երբևէ ղեկավարած անձանցից մեկը սպանված է, հինգը բնակվում են ՌԴ-ում ու ԱՄՆ-ում /մեկը՝ աշխատանքի բերումով/, իսկ հինգը՝ մեղադրյալներ են։ 


Այս վիճակագրությունը խոսում է մեր ընկալումը պետականաշինության ու հայրենաշինության մասին, պետական գործչի կերպարի ու առաքելության մասին։ 


Երիցս համոզվում եմ, որ առաջին հերթին անհրաժեշտ է կասեցնել համընդհանուր բարոյալքման աղետը։ 


Իսկ ոտքի կանգնելու համար հանդգնել է պետք»:

Քաղաքականություն

Պատահարներ