ԼՂ-ին հատկացված հումանիտար օգնությունն արդեն վեցերորդ օրն է՝ չի մոտենում իր վերջնանպատակին․ Վարդան Սարգսյան

Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը և թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որտեղ հումանիտար լուրջ ճգնաժամ է՝ Ադրբեջանի կողմից միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով։

 

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի փոխվարչապետի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում ձևավորված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշել է, որ հուլիսի 26-ից մինչ օրս հումանիտար ուղեբեռն տեղից չի շարժվել և որևէ կերպ չի մոտեցել իր վերջնանպատակին:

 

«Ցավով պետք է արձանագրեմ, որ հումանիտար ուղեբեռն արդեն վեցերորդ օրն է որևէ կերպ չի մոտեցել իր վերջնանպատակին: Դրա նպատակը բարդ հումանիտար իրավիճակում գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավիճակը որևէ կերպ մեղմելն է:

Լեռնային Ղարաբաղում այս օրերին մենք ականատես ենք լինում, թե ժողովուրդն ինչ զրկանքների միջով է անցնում՝ պայմանավորված գրեթե 8 ամիս տևող ճգնաժամով: Ականատես ենք լինում նաև հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, տարեցների, հղի կանանց, տարբեր քրոնիկ հիվանդություններով տառապող և հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված տարբեր միջադեպերի, որոնք ուղիղ հետևանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինբաբար փակման: 

 

Մինչդեռ այս բեռնատարներում գտնվող սնունդը, առաջին անհարաժեշտության իրերը, դեղորայքը կարող են կյանքեր փրկել կամ առնվազն մեղմել այն իրավիճակը, որն այժմ տիրում է Լեռնային Ղարաբաղում»,- նշել է նա: 

 

Սարգսյանը հույս է հայտնել, որ մարդասիրական նախաձեռնությունը կհասնի իր վերջնանպատակին և հումանիտար ուղեբեռներն օր առաջ կտեղափոխվեն Լեռնային Ղարաբաղ:

Քաղաքականություն

Պատահարներ