ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Հայթաղում ժամկետնանց ձու են վաճառում

Եթե ՍԱՏՄ տեսուչները ժամանակ առ ժամանակ անակնկալ այցերով անհանգստացնեն նաև գյուղական խանութպաններին, թերևս հնարավոր կլինի կանխել ժամկետանց սննդամթերքի վաճառքը։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։ 

 

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի խանութներից մեկում, օրինակ, ժամկետանց ձու են վաճառում․ սպառողն այն գնել է ու բացահայտել տանը։ Լուսինե Վարդանյանը պատմել է, որ գյուղի խանութից չորս հատ ձու է գնել, տարել տուն, ու երբ կոտրել է, որ երեխաների համար ձվածեղ պատրաստի, տեսել է՝ փչացած է։


«Չորսն էլ կոտրեցի, բոլորի մեջ սև էր, դեղնուցն ու սպիտակուցն իրար խառնված ու սևացած։ Ես, սովորաբար, պահպանման ժամկետիներին ուշադրություն եմ դարձնում։ Գիտեմ, որ ձուն նշված ամսաթվից մինչև 28 օր թարմ է համարվում։ Ես էլ  մտածեցի, որ դեռ ժամկետի մեջ է, բայց սխալվեցի»։

 

 

Լուսինեի ասելով՝ առաջին դեպքը չէ, որ գյուղի խանութից ժանմետանց ձու է գնում։ Բայց առաջին անգամ է բարձրաձայնում, որ այլևս չկրկնվի։

 

«Սովորաբար սուպերմարկետից եմ գնումներ անում, սակայն միշտ չէ, որ հնարավոր է քաղաք հասնել թեկուզ 4 հատ ձու գնելու համար։ Երբեմն ստիպված եմ լինում փոքր առևտուրը գյուղի խանութից անել։ Բայց պարզվում է՝ ռիսկի եմ գնում»։

 

Հարկ է նշել, որ վաճառվող հավկիթի մակնշումը պետք է պարունակի տեղեկատվություն ձվի չափի, արտադրման ժամկետի և արտադրող կազմակերպության մասին։ Հայթաղի խանութներում վաճառվող «Շիրակ 01» ընկերության հավկիթների վրա առկա է միայն արտադրող ընկերության անունն ու արտադրման տարեթիվը։ Իսկ պահպանման ժամկետի և  ձվի չափի մասին որևէ տեղեկատվություն չկա։ 

 

Լուսինեն դժգոհում է, որ խանութում նույնիսկ պահպանման կանոններին չեն հետևում։ 

 

«Ձուն, փոխանակ սառնարաններում պահելու, դնում են դախլու վրա։ Երբ հարցնում ես՝ ինչի՞ սառնարանում չի, ասում են՝ հենց նոր ստացանք, չենք հասցրել տեղավորել։ Ես չգիտեմ՝ ում մեղադրեմ․անբարեխիղճ արտադրողի՞ն, որ անորակ ձու է առաքել խանութ, թե՞ խանութպանին, որ շուտ փչացող սննդամթերքը հատուկ պայմաններում չի պահում, ինչ է թե՝ սառնարանը չծանրաբեռնի»։

 

Ի դեպ, հավկիթը սառնարաններում չպահպանելը հատուկ է ոչ միայն գյուղական, այլև քաղաք բազմաթիվ փոքր խանութներին։ Դրանք սովորաբար ցուցադրվում են խանութի՝ աչքի առաջ գտնվող սեղանի, կամ՝ կշեռքի կողքը, սառնարանի վրա։

 

Քաղաքականություն

Պատահարներ