ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բերանդ մյուռոնով ողողիր, նոր մեր տղաների անունը տուր»․ զոհվածի մայրը՝ Նիկոլ Փաշինյանին

Մեր տղաները զոհվել են հանուն հայրենիքի և մենք թույլ չենք տալու, որ այն մասնատես, վաճառես և ապրես։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Որդիների Կանչ» ՀԿ անդամ, զոհված զինծառայողի մայր Արուս Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ զոհվածների մասին արված վերջին հայտարարությանը։

 

«Ամեն անգամ այր ու կին (Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը - խմբ․) անդրադառնում են զոհված տղաներին։ Նախ հայտնի խոսք կա․ ասում են՝ բերանդ մյուռոնով ողողիր, նոր մեր տղաների անունը տուր։ Այս տղաները զոհվել են հանուն ո՞ր խաղաղության, որ 120 հազար մարդ սովամահ է լինո՞ւմ։ 

 

Մեզ քո խաղաղությունը պետք չէ, մենք խաղաղություն չենք մուրում։ Այսօր քո սահմանից մարդ են գողանում, ո՞ր խաղաղության համար են մեր տղաները զոհվել»,- հայտարարեց զոհվածի մայրը։

 

Զոհվածի ծնող Աշոտ Զաքարյանին զայրացրել է Փաշինյանի այն արտահայտությունը, թե տղաները զոհվել են հանուն ապագա խաղաղության։

Նա պնդեց, որ իրենց որդիները չեն զոհվել այն խաղաղության համար, որն այսօր պարտադրում է Ալիևը։ Զոհվածի հայրը նշեց, որ տղաները հանուն Նիկոլ Փաշինյանի պատեկարացրած խաղաղության չեն զոհվել։

 

Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն էլ խոսքն ուղղեց Փաշինյանին և հայտարարեց․ «Նախ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն ինձ համար վարչապետ չէ։ Փաշինյանը սրիկայաբար հայտարարեց, որ մենք հայրենիք չունենք, և մեր տղաները զոհվել են հանուն ապագա խաղաղության, այսինքն՝ հայրենիք չունենք։ Քո լակոտներին տանեիր, ինչի՞ մեր տաղներին տարար և սպանեցիր հանուն ապագա խաղաղության, մեզ ապագա խաղաղություն պետք չէ առանց հայրենիքի։ Առանց հայրենիք ի՞նչ խաղաղություն»։

 

Հիշեցնենք, որ Euronews-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե շատ դժվար է մարդկանց բացատրել, որ իրենց զավակը զոհվել է հանուն ապագա խաղաղության, ինչպե՞ս բացատրել, որ կարելի է զոհվել հանուն խաղաղության, եթե մեր նպատակը խաղաղությունն է։

Քաղաքականություն

Պատահարներ