Ֆեյք էջերից գրություն է տարածվում․ Սմբատյանների շուրջ տարօրինակ զարգացումներ են տեղի ունենում

Արմեն և Սերգեյ Սմբատյանների շուրջ շարունակում են տեղի ունենալ անհասկանալի քրեական հետապնդմանը զուգահեռ ոչ պակաս տարօրինակ զարգացումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

 

«Երեկվանից տարբեր հասարակական գործիչներ ֆեյսբուկ սոցիալական ցանցով երկու տարբեր ֆեյք էջերից ստանում են այս նույնաբովանդակ գրությունը, որով իրենց առաջարկվում է աջակցություն հայտնել Սմբատյաններին` իբր համապատասխան շահագրգռվածության դիմաց։

 

Հայտարարում ենք, որ էժանագին այս հնարքները որևէ առնչություն, բնականաբար, չունեն Սմբատյանների հետ։ Մեր սրտացավ հայրենակիցներին խնդրում ենք լինել զգոն։ Իսկ Սմբատյանների հետ տեղի ունեցածի նկատմամբ հասարակության բացասական դիրքորոշումը, ի աջակցություն նրանց բազմաթիվ գործիչների ազնիվ ու ինքնաբուխ արձագանքը նման կերպ վարկաբեկել փորձողներին ասելիք չկա։ Նրանք պարզապես թող սպասեն իրենց բացահայտվելուն ու պախարակվելուն», - գրել է նա։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ն, վերջինիս որդի, դիրիժոր Ս.Ս.-ն և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:

Քաղաքականություն

Պատահարներ