Հարսը տանից 140 000 դրամ է վերցրել, ապա բնակարանային գողության պատրանք ստեղծել

Արմավիրի մարզի գյուղերից մեկում տան հարսը ամուսնու ծնողների սենյակից 140 000 դրամ է վերցրել, ապա բնակարանային գողության պատրանք ստեղծել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

 

Ոստիկանության Արմավիրի բաժինը սեպտեմբերի 11-ին հաղորդում է ստացել, որ գյուղերից մեկում տան ննջասենյակի իրերը խառնել են և մահճակալի ներքնակի տակից գողացել 140 հազար դրամ:

 

Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը, ինչից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու հատկանիշներով։

 

«Համապատասխան գործողություններից հետո պարզվել է, որ ոչ մի «ապօրինի մուտք» չի եղել: Տան հարսը խոստովանական ցուցմունք է տվել: Նա պատմել է, որ ցերեկը, երբ տան անդամները բնակարանում չեն եղել, ինքն է վերցրել գումարը, նաև խառնել ամուսնու ծնողների ննջարանը` բնակարանային գողության պատրանք ստեղծելու համար»,– ասված է հաղորդագրությունում:

 

Խոստովանելուց հետո կինն ամբողջությամբ ներկայացրել է գումարը:

 

Հանգամանքները պարզվում են:

Քաղաքականություն

Պատահարներ