ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Թե ինչ սկզբունքով են բաշխվելու ՌԴ օգնության փաթեթները, Ստեփանակերտը դեռ չի հստակեցրել

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը դեռ չի հայտարարել՝ ինչ սկզբունքով են բաշխվելու 1000 սննդային, 200 հիգիենիկ և 270 անկողնային պարագաների փաթեթները, որոնք ռուսական բեռնատարները երեկ Աղդամի ճանապարհով բերեցին Ստեփանակերտ։ Այս մասին տեղեկանում ենք «Ազատությունից», որին նախարարությունից փոխանցել են․

 

«Մենք կհայտարարենք դրա մասին առաջիկայում»։

Լրատվամիջոցը գրում է․ «Հումանիտար աղետի շեմին կանգմած Արցախում բազմազավակ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխայի մայր Նարինե Դանիելյանն ասում է՝ իրենց սրտով չէ այս ամենը, մյուս կողմից էլ ավելացնում՝ փոքրիկներին պահելու էլ ոչ մի հնար չունեն։ Նարինեն Անհանգիստ է՝ ինչպես են 1000 փաթեթը բաժանելու 120 հազար մարդու միջև։ Պաշտոնական տվյալներով՝ Արցախում 30 հազար երեխա է մեծանում»։

 

«Ինձ թվում է, թե ով որ հաշմանդամության կարգ ունի, միշտ էդպես է լինում, բազմազավակ ընտանիքներ, զոհվածների ընտանիքներ, բայց դե 1000 հատ քանակ է՝ էդ մարդու ասելով, 1000 հոգու պետք է տան, բայց դե էդ քանակը շատանում է․ միայն 300 քանի հատ հաշմանդամ երեխա կա։ Վերմակներ են, սպիտակեղեն, տենց բաներ են բերել, թե դա բերել են ինչ անեն, մարդիկ տեղաշոր չունե՞ն, դրա տեղն ուտելիք բերեին․ էս սովին սպիտակեղեն, ուտելիք են բերել։ Ալյուր չկա, վաղը չգիտենք հացը ոնց ենք վերցնելու», - ասել է Նարինե Դանիելյանը։

Նպարեղեն, մակարոնեղեն, մսի պահածո, շաքարավազ, ալյուր, արևածաղկի ձեթ․ փաթեթը կկշռի 11 կիլոգրամ 400 գրամ, Արցախի հեռուստատեսությամբ հայտարարեց Ռուսաստանի Կարմիր Խաչի ներկայացուցիչ Ալեքսեյ Պիկուլը՝ ներկայացնելով, թե ինչ կա ռուսական բեռնատարում։ Նա ասաց, որ օգնությունը կհասնի կարիքի մեջ գտնվող մարդկանց՝ անկախ նրանց ազգությունից, էթնիկ պատկանելիությունից և քաղաքական հայացքներից։
 

Քաղաքականություն

Պատահարներ