Օգնություն է ցուցաբերվել ԼՂ ավելի քան 8 հազար քաղաքացիների. ՌԴ դեսպանատուն

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ընթացքում զոհվել է 6 զինծառայող, ևս մի քանի հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին նշվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ անձնակազմի գործունեության վերաբերյալ։

 

Հայտարարության մեջ նշվում է, որ «չափազանց բարդ դրությունում խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և ակտիվ ջանքեր են գործադրում, այդ թվում՝ կյանքի համար վտանգավոր, պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը»:

 

Նշվում է, որ ռազմական գործողությունների ընթացքում խաղաղապահ ուժերը կազմակերպել են խաղաղ բնակչության տարհանում ամենավտանգավոր շրջաններից և տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերել՝ տեղավորվելով բազային ճամբարում և առանձին դիտակետերում։ 

 

«Հենց երեկ օգնություն է ցուցաբերվել, այդ թվում՝ սնունդով և հանգստի համար նախատեսված վայրերով, ավելի քան 8 հազար քաղաքացիների, ներառյալ երեխաներին»,- պարզաբանել է դիվանագիտական ​​առաքելությունը։

 

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ հակամարտության սրումից ի վեր ՌԽԱ հրամանատարությունը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել իրավիճակը ապաէսկալացնելու համար, ինչի արդյունքում ղարաբաղա-ադրբեջանական կողմերի միջև հնարավոր է եղել համաձայնության գալ ռազմական գործողությունների դադարեցման և բանակցություններ սկսելու վերաբերյալ։

 

Նախօրեին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ դիտակետից վերադառնալիս գնդակոծվել է ռուս խաղաղապահներով ավտոմեքենան, այնտեղ գտնվող բոլոր հինգ զինծառայողներն էլ զոհվել են։ Արդեն այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր գրանցված 2 միջադեպերի մասին, որոնցից մեկի հետևանքով զոհվել է 5, իսկ մյուսի հետևանքով՝ 1 խաղաղապահ:

Քաղաքականություն

Պատահարներ