Սանոսյանն Արցախից բռնի տեղահանվածներին խնդրել է ըմբռնումով մոտենալ կարճաժամկետ կացարանի վայրի հարցին

Այժմ Հայաստանի Հանրապետության 64 համայնքներում իրականացվում է 24-ժամյա հերթապահություն, աշխատանքային խմբեր են ստեղծվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելու և նրանց կարիքներն ապահովելու համար։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

 

Նա նշել է, որ ժամը 08։00–ի դրությամբ 10 967 քաղաքացի մարզպետարանների կողմից հաշվառվել և տեղակայվել են հիմնականում հյուրանոցներում, հյուրատներում կամ հարմարեցված այլ շենք–շինություններում։ Որոշ դեպքերում ընտանիքներ են հյուրընկալել։

 

Սանոսյանը դիմել է Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին` խնդրելով ըմբռնումով մոտենալ, հասկանալ, որ այս տեղակայումները ժամանակավոր գործընթաց են։

 

«Պարտադիր չէ, օրինակ, Շիրակ տեղափոխված մեր բոլոր հայրենակիցները Գյումրիում մնան, երբ մենք Աշոցքում, Արթիկում կամ Ամասիայում ունենք համանման պայմաններ։ Խնդրում եմ` համաձայնեն, որ մենք կարողանանք համապատասխան բաշխվածությամբ իրենց տեղակայել, նաև բոլոր համայնքները ներառված լինեն աշխատանքներում»,– ասել է Սանոսյանը` հավելելով, որ հետագայում արդեն կառաջնորդվեն կառավարության մշակած, իրականացրած տարբեր ծրագրերով։

Քաղաքականություն

Պատահարներ