ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցեղասպանություն է. Մել Գիբսոնը միջազգային կառույցներին հորդորել է պաշտպանել արցախցիներին

Պատմությունը ողբերգականորեն կրկնվում է, hայ ժողովուրդը, որը դարեր շարունակ հալածանքներ է կրել իր հավատքի համար, կրկին դատապարտվել է էթնիկ զտման: Այս հայտարարությունն արել է հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը։ Նրա տեսաուղերձը հրապարակել է Հայ դատի հանձնախումբը (ANCA):

 

«Ականատես ենք դառնում նոր ցեղասպանության: Լրատվամիջոցները լռում են այս հարցի շուրջ: Ադրբեջանի և Թուրքիայի իշխանության ձեռքով հայերն անասելի սարսափներ են ապրում՝ մարդկային կորուստներ, բռնի տեղահանում, սով և մեկուսացում: Այն նույն հայերը, որոնք այս հողի վրա են ապրել սերունդներ շարունակ»,–ասել է Գիբսոնը:

 

Նա միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել հայերին խիստ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար։ Գիբսոնի խոսքով` պետք է հրատապ դիվանագիտական ջանքեր գործադրել, որպեսզի տեղահանված մարդիկ վերադառնան իրենց տները։

 

«Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ես ասում եմ` մի հուսահատվեք, Աստված ձեզ հետ է»,–հավելել է նա։

 

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։

Քաղաքականություն

Պատահարներ