Վարչապետը՝ ԼՂ-ից տեղահանվածների կրթության, թոշակների և առողջապահական հարցերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հստակեցրեց ՀՀ մուտք գործած, բռնի տեղահանված արցախցիների թվի և կացարանով ապահովվածների թվի ահռելի տարբերությունը։ Ժամը 10–ի դրությամբ Արցախից 66 500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանել, սակայն նրանցից մոտ 11 հազարն է կացարանով ապահովվել։ Փաշինյանի խոսքով` բոլորին կացարան առաջարկվում է, սակայն ոմանք նշում են, որ ունեն կացարանի հասցեներ։

 

«Մենք չենք կարող որևէ մեկին պարտադրել որևէ տեղում գտնվել, պարզապես որոշակի քաղաքականություն ենք վարում և փորձում ենք նաև որոշակի տրամաբանությամբ մեր եղբայրներին և քույրերին առաջարկել կեցավայրեր»,– ասաց Փաշինյանը։

 

Հավելեց, որ խոսքն այս պահին կարճաժամկետ լուծումների մասին է, ինչ վերաբերում է երկարաժամկետին, ապա բազմաթիվ հարցեր կան, դրանց պատասխանները ևս պետք է գտնվեն։ Բացի օթևանի տրամադրման ծրագրից՝ կառավարությունը դիտարկում է նաև սննդի քարտերի թողարկման հարցը։

 

«Մեր տրամադրած օթևաններում կտեսնենք, թե էլ ինչ լրացուցիչ անհրաժեշտություններ և կարիքներ կան և հաջորդ փուլում կփորձենք հնարավորինս արագ սոցիալական որոշակի ծառայությունների շահառու քաղաքացիներին ներառել ՀՀ սոցիալական ծառայությունների ցանկում»,– ասաց վարչապետը։

 

Նրա խոսքով, օրինակ, թոշակառուները կվճարվեն ՀՀ թոշակային համակարգին համապատասխան։

 

Նա ուրախությամբ նկատեց, որ այս պահին աշխատաշուկան բավականին ակտիվ է, գործադիրը պետք է աջակցի նաև մասնագետներին իրենց ոլորտներում աշխատանք գտնել, ովքեր որոշակի ոլորտին կապվածություն չունեն, ապա այլ արժանապատիվ աշխատանքով ապահովվեն։

 

Կառավարությունն ուշադրություն է դարձնելու նաև բռնի տեղահանվածների կրթության, առողջապահական հարցերին։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ